ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները հունիսի 12-ի ժամը 19:30-ի սահմաններում, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցվել, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով` նրանց նույնականացնելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: