Հասարակական

«Բացահայտիր Հայաստանը երկնքից». շուրջ 20 օդապարիկներ 5 օր կգունավորեն Հայաստանի երկինքը

3 րոպեի ընթերցում

«Բացահայտիր Հայաստանը երկնքից». շուրջ 20 օդապարիկներ 5 օր կգունավորեն Հայաստանի երկինքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 20 օդապարիկներ հոկտեմբերի 13-ից 17-ը գույներով կլցնեն Երևանի և Գառնիի երկինքը. այդ օրերին Հայաստանում կանցկացվի «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Skayball»ընկերությանտնօրենՆաիրիԲարսեղյանն ընդգծեց, որ փառատոնը, մասնավորապես, հնարավորություն կտա բացահայտելու Երևանի և Գառնիի իրական գեղեցկությունը երկնքից, քանի որ թռիչքներն իրականացվելու են հենց Գառնիում և Երևանում։

Նա ընդգծեց , որ «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը կազմակերպել է «Skayball»ընկերությունը՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

«Փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Ղազախստան, Լեհաստան, Ռուսաստան։ Վերջին ժամանակներում Հայաստանում, կարծես թե, փառատոնների պակաս չի զգացվում։ Դե իսկ մենք չէինք կարող հետ մնալ այդ տենդենցից ու նմանը չունեցող, ֆանտաստիկ միջազգային փառատոն չկազմակերպել»,-ասաց Նաիրին:

Նա նշեց, որ նախատեսվում է փառատոնն անցկացնել 2 փուլերով՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը ենթադրում է օդապարիկների ազատ թռիչքներ Գառնիի և Երևանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։

«Մենք հետամուտ ենք Հայաստանի նկատմամբ հետաքրքրության և ճանաչելիության բարձրացմանն ուղղված մեր նպատակին: Ի սկզբանե, երբ փառատոնը 2017 թվականին առաջին անգամ կազմակերպեցինք, որոշվեց, որ այն պետք է լինի ամենամյա, քանի որ արձագանքը և ազգաբնակչության կողմից, և՛միջազգային հարթություններում բավականին մեծ էր: Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում անընդհատ որևէ միջադեպ խանգարում էր, և գաղափարը չկարողացանք կյանքի կոչել: Այս տարի որոշեցինք, որ անկախ ամեն ինչից պետք է փորձենք իրականացնել ու այն դարձնել ամենամյա, որպեսզի և՛ զբոսաշրջիկները, և՛ մեր ազգաբնակչությունը հստակ իմանան, որ ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայաստանում տեղի է ունենալու նման փառատոն»,-ասաց Նաիրի Բարսեղյանը:

Ըստ նրա՝ փառատոնը նպատակ ունի տեղացիների և միջազգային հանրության համար բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում