Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հանրային կոնսոլիդացիա պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում:
Երկրորդ նախագահն այս համատեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է համարում: «Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, գիտեք, իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի: Օրինակ, եթե խորհրդարանն ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի վրա: Եվ սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք բաց են մասնակի իշխանափոխության քննարկումների համար: «Ես, երբ ասացի մասնակի իշխանափոխություն, այդ տերմինը կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզ դարձնել: Հիմա բոլորս հասկանում ենք, որ ՔՊ-ական բոլոր պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի: Բոլորս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում այստեղ: Իշխանափոխությունը կարող է լինել ընտրությունների ճանապարհով կամ խորհրդարանով: Պարզ է, եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է և իրենց համար, և ընդդիմության համար: Մյուս մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծասմանությանն ընդունել հանրության կողմից ցանկալի թեկնածու, այն, ինչ եղավ 2018 թվականին: Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը և պարտադրում են խորհրդարանական մեծամասնությանը ընտրել իրենց թեկնածուին: Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի: Մենք տեսանք, որ դեռ չկա: Կարո՞ղ է վաղը լինել, այո, բայց այսօր չկա: Ուրեմն, եթե այսօր խոսում ենք այսպես ավելի թեթև փոփոխության մասին, փոփոխությունը սա է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ ինձ կընտրեն, ոչ էլ արմատական ընդդիմությունից որևէ մեկին, մինչև չլինի հանրային հսկայական ճնշում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ պետք է մարդ լինի, որը բոլորին կմիավորի, իր տեսակով հանրային կոնսոլիդացիային պատրաստ և ունակ մեկը պետք է ընտրվի: «Սա նշանակում է, որ, այո, դա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա ոչ թե մեզանից, այլ քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են վիճակի բարդության խորությունը»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը: