Հասարակական

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել անգամ Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել անգամ Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել անգամ Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման կետին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լուսանկարներ են հրապարակում «Տելեգրամ»-ի ռուսական ալիքները:

Ինչպես երևում է լուսանկարներից՝ հարվածների հետևանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքը, ավտոմեքենան:

Նշվում է, որ անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում