Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը զարգացնելու համար քայլեր են ձեռնարկվում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆրանչայզինգի շուկայի հնարավորությունների գնահատման և ԱՄՆ-ում ֆրանչայզինգի հայեցակարգերով և մանրածախ ապրանքանիշերով հետաքրքրված պոտենցիալ ներդրողների բացահայտման նպատակով հուլիսի 26-27-ը կանցկացվի ոլորտին նվիրված երկօրյա աշխատաժողով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը և գնահատելու են դրա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ ֆրանչայզինգի բիզնեսով հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար:
«Խորհրդակցությունը կնպաստի Հայաստանում ԱՄՆ-ի ֆրանչայզինգի կենսունակ կոնցեպտների և մանրածախ ապրանքանիշերի հնարավորությունների նկատմամբ շահագրգռվածությանն ու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների և առևտրի ընդլայնմանը»,- նշեց փաստաբան-խորհրդատու, Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի ներկայացուցիչ Մաիս Աբուսին։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի համատեղ ջանքերով։ Մաիս Աբուսիի համոզմամբ՝ սա գործընթաց է, որտեղ պետք է համագործակցել կառավարության հետ: Հայաստանը հարմար շուկա է ֆրանչայզինգի համար:
«Ֆրանչայզինգը հրաշալի գործիք է, որպեսզի կարողանանք աջակցել մասնավոր հատվածին, ընդլայնենք մատակարարման ցանցերը, ավելացնենք աշխատատեղեր, բացենք դռներ համատեղ աշխատանքի և համատեղ ներդրումների համար»,- ընդգծեց նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշեց՝ նախարարությունը կարևորում է ֆրանչայզինգը: Նրա համոզմամբ՝ նման աշխատաժողովները կարևոր են և պետք է կրեն պարբերական բնույթ: Աշխատաժողովը կարևոր է նաև մրցակցության զարգացման համար: Երբ չկա արտաքին շուկաներից ներմուծված փորձ գիտելիք, մրցակցությանը չի բերում ցանկալի աճի:
«Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մշակում ենք մտավոր սեփականության զարգացման ռազմավարություն:
Առաջատար երկրներից նորագույն տեխնոլոգիաների ներգրավման համար մտավոր սեփականության, պաշտպանության զարգացումը Հայաստանում կարևոր նշանակություն ունի: Եթե մենք ուզում ենք՝ մեր տնտեսության աշխատանքի արտադրողականությունն աճի, շատ կարևոր է այլ երկրների գիտելիքների, փորձի ներգրավումը, որն իր հերթին ներդրումների հոսք կապահովի: Եթե որոշ հայտնի ֆրենչայզներ, տեսնեն, որ Հայաստանում իրենց արտադրական մեթոդն ու ապրանքանիշը պաշտպանված են, ապա խնդիր չեն տեսնի մտնել հայկական շուկա»,- մեկնաբանեց Գևորգյանը:
Փոխնախարարը շեշտեց՝ ծրագիրը միտված է մասնավոր սեկտորի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև տվյալ գործում իրավական համակարգի զարգացմանը: Եթե Հայաստանն ունենա գործընթացին համապատասխան իրավական համակարգ, ապա մասնավոր հատվածը կոմերցիոն շահագրգռվածության արդյունքում գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում կներգրավի տարբեր ընկերություններ: