Շոգ եղանակով պայմանավորված աշխատանքային ժամերին թույլատրվում է հաճախակիացնել ընդմիջումները
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայությամբ պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի ցուցանիշը նորմայից բաձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս փուլում թիրախային խմբերը՝ հղիները, մեծահասակաները, երեխաները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, պետք է առավել ուշադիր լինեն:
«Այս շոգ եղանակով պայմանավորված՝ մարդն իր սովորական կենսագործունեությունն ապահովելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք, արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտանոթային և շնչառական համակարգերի վրա: Հետևաբար` խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, հնարավորության դեպքում գտնվել ստվերում»,-ասաց Ռուբեն Գրիգորյանն՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը:
Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմել ջուր, մասնավորապես, 2-3 լ: Նրանք, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, պարտադիր պետք է խմելու ջրի քանակի հարցում խորհրդակցեն իրենց բժշկի հետ: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից: Մասնագետը հորդորում է այս շոգ օրերին վերանայել սննդակարգը, նախապատվությունը տալ բուսական ծագման սննդամթերքին: Նա հորդորում է նաև ուշադրություն դարձնել սննդի պահման պայմաններին՝ հատկապես բնության գրկում հանգիստը կազմակերպելիս:
«Սնունդը ոչ պատշաճ պայմաններում պահելու հետևանքով արդեն ունեցել եք վատ ելքով դեպքեր: Մասնավորապես, գրանցվել է սննդային թունավորում, և տուժածները դիմել են բուժօգնության: Դրա համար խնդրում ենք լինել ուշադիր, հրաժարվել յուղոտ սննդամթերքից, մեր օրգանիզմն ավելորդ չծանրաբեռնենք»,-ասած մասնագետը:
Շոգ պայմաններում ինչպես կազմակերպել աշխատանքը, ինչ է նախատեսում օրենասդրությունը: Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ 40-ից բարձր օդի ջերմաստիճանի դեպքում անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացվում են ընդմիջումները:
«Եթե սովորական օրերին ունենում ենք մեկ ժամ ընդմիջում, ապա շոգ օրերին անմիջական ղեկավարի համաձայնությամբ հաճախակիացնում ենք ընդմիջումները: Օրինակ, ամեն ժամից 10 րոպե ընդմիջում սահմանել: Բացօթյա աշխատանքը ևս պետք է սահմանափակվի»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը: