Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Թատերախումբը հրաշալի է. դժվարանում եմ Ջուլիետ ընտրել. Օլեգ Վինոգրադովը՝ Երևանի օպերային թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրական աշխատանքների մասին

Թատերախումբը հրաշալի է. դժվարանում եմ Ջուլիետ ընտրել. Օլեգ Վինոգրադովը՝ 
Երևանի օպերային թատրոնում «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրական աշխատանքների 
մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրում է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Առաջնախաղը նախատեսվում է Վինոգրադովի 85-ամյակին, որը լրանում է օգոստոսի 1-ին:

Ականավոր բալետմայստերը 1970 թվականին է Երևանի օպերային թատրոնում բեմադրել «Ռոմեո և Ջուլիետ»-ը: Նա վստահեցնում է, որ այսօր ևս թատրոնի բալետային խումբը հրաշալի մարզավիճակում է, պարողները ոգևորված են ու սիրով են աշխատում:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել բեմադրության փորձին ու զրուցել Վինոգրադովի հետ: Նա խոստովանել է՝ չափազանց ուրախ է, որ 52 տարի անց վերադարձել է Հայաստան, հրաշալի երկիր, զարմանալի Երևան, որը շատ  տոնական է:

«Այստեղ հանդիպեցի էլեգանտ հագնված հանդիսատեսի: Շքեղ քաղաքի փողոցները երաժշտությամբ են շնչում, լի են բարի մարդկանցով: Այստեղ մարդիկ  բարձրակարգ արվեստով են զբաղված՝ բալետով, երաժշտությամբ: Օրերս կայացան «Տրավիատա» օպերայի, «Ալեկո» բալետի առաջնախաղերը: Հիմա պատրաստում ենք «Ռոմեո և Ջուլիետը»: Թատրոնն ապրում է այնպիսի կյանքով, որին կարող է նախանձել աշխարհի յուրաքանչյուր  թատերախումբ»,-նշում է Վինոգրադովը:

Նրա խոսքով՝ այդ գործում մեծ է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանի դերը, որի հետ բալետմայստերն աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում: Վինոգրադովի բնորոշմամբ՝ Դուրգարյանը բարձրակարգ երաժիշտ է, որի հետ հաճույքով է համագործակցում:

«Նա չի պատկանում այն դիրիժորների շարքին, որոնք աչքը չեն հեռացնում պարտիտուրից ու չեն նայում բեմին, չեն տեսնում, թե ինչ է այնտեղ կատարվում: Կարենն ապրում է բեմով, ապրում է այն ամենով, ինչ կատարվում է բեմում: Նա պրոֆեսիոնալ է, ապրում է թատրոնով, երաժշտությամբ: Ես հույս ունեմ, որ մեր հանդիպումը պատահական չէ. մենք թատերախմբի զարգացման ծրագրեր ենք կազմել: Այս թատերախումբը բարձրակարգ է և կարող է դառնալ լավագույններից մեկը: Այն ունի պոտենցիալ: Վաղուց այսքան առաջնակարգ տղամարդ պարողների չեմ հանդիպել: Նրանցով կարելի է հպարտանալ: Թատերախմբում կան երիտասարդ աղջիկներ, որոնք ընդամենը մեկ տարի է՝ աշխատում են այստեղ: Նրանք զարմանալի կառուցվածք ու գեղեցկություն ունեն, դեմքի իտալական ձև, իրական Ջուլիետներ, մադոննաներ են: Ես ամեն անգամ փորձի եմ գնում, ինչպես տոնի»,-պատմում է բալետմայստերն ու խոստովանում, որ  դժվարանում Է Ջուլիետի կերպարը կերտող պարուհուն ընտրել:

Օպերային թատրոնի թատերախմբին ծանոթանալու նպատակով Օլեգ Վինոգրադովն ամիսներ առաջ էր Երևանում: Նա տարբեր տեսանյութեր է ցույց տվել պարողներին, թեմատիկ զրույցներ վարել նրանց հետ, ինչն օգնել է թատերախմբին: Վինոգրադովը կարծում է՝ յուրաքանչյուր պարող պետք է իմանա, որ պարողները զարմանալի, սակայն, ֆիզիկական առումով, չափազանց բարդ կյանքով են ապրում, և հաջողությունը չափազանց ծանր աշխատանք է պահանջում:

Այժմ Վինոգրադովը պարողների հետ ոչ միայն բալետից, այլև համաշխարհային մշակույթից է խոսում:  Նա ասելու  շատ բան ունի, քանի որ աշխատում է բազմաթիվ թատրոններում: Նրա «Ռոմեո և Ջուլիետ» բալետը հիսուն տարվա ընթացքում շրջել է աշխարհի տարբեր բեմերում, բեմադրվել է Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սեուլում և այլուր: Յուրաքանչյուր բեմադրություն անելիս բալետմայստերն ինչ-որ բան կատարելագործում է, չի սիրում կրկնօրինակել ներկայացումները: Երևանյան ներկայացումը ևս տարբեր կլինի: Շեքսպիրի տեքստը մեկնաբանում է յուրովի,  մեծ ուշադրություն է դարձնում թատերախմբի առանձնահատկություններին, պարողների անհատականությանը:

«Այս բալետն արտիստներին հնարավորություն է տալիս նորովի բացահայտել իրենց: Եթե դերասանն ապրում է տեքստով, բառով, դրամատուրգիայով, ապա մենք ապրում ենք պլաստիկայով, պարով ու տեխնիկայով: Սիրում եմ բարդ բեմադրություններ, արտահայտչաձևեր, որոնք արտիստներին հասունացնում են: Որքան բարդ է խնդիրը, այնքան ավելին է արտիստը հաղթահարում: Դասական բալետն անհավանական գեղեցկություն է: Գեղեցկությունն ամենակարևոր բանն է բալետային արվեստում, հատկապես կանացի գեղեցկությունը, և ամբողջ բալետային արվեստը նվիրված է կնոջը»,-հավաստիացնում է Օլեգ Վինոգրադովը:

Նա կարծում է, որ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը լիարժեք պատրաստ կլինի  երկու կամ երեք առաջնախաղից հետո, երբ «կհանդիպեն» բալետն ու հանդիսատեսը:

«Բալետը կինո չէ: Կինոյի դեպքում մենք էկրանի վրա չենք  ազդում, իսկ կենդանի արտիստների վրա ազդում ենք  և վարակվում ենք նրանցով»,-շեշտում է Վինոգրադովը:

Բալետմայստերին անհանգստացնում են մեր օրերում բալետային արվեստի զարգացումները: Նրա խոսքով՝ բալետը ճգնաժամ է ապրում: Հիշեցնում է՝ երբ հիսուն տարի առաջ աշխատել է Հայաստանում, ԽՍՀՄ-ում եղել է 15 հանրապետություն, 55 բալետային թատրոն, 14 բալետի դպրոց:

«Հիմա գրեթե ոչինչ չի մնացել. կա  հինգ կամ յոթ թատրոն, դպրոցները մատերի վրա է հնարավոր հաշվել: Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում պահպանվում են բալետի ավանդույթները, խաղացանկն ու դպրոցը: Փառք Աստծո, Կառավարությունը ևս դա հասկանում է և սուբսիդիա է տրամադրում, սակայն ամբողջ աշխարհում անհասկանալի է, թե ինչ է կատարվում: Հատկապես պսևդոմոդեռնի մուտքն ասպարեզ քաոս է ստեղծում, անաստվածություն ու անկրթություն է տարածում: Մարդիկ, որոնք արմավենու ծառից են իջել ու ցանկանում են շարժվել, հանկարծ իրենց խորեոգրաֆ են երևակայում և պրոֆեսիոնալ թատերախմբին ստիպում են սարսափելի բաներ անել, ինչին հնարավոր չէ նայել: Ամեն բան զուրկ է գեղագիտությունից: Խաբեբաներ են…Անգամ Մարիինյան թատրոնում, որն աշխարհում առաջատարներից է, համաշխարհային բալետի մայրաքաղաքում է գտնվում, որտեղ վաթսուն տարի պարել է հանճարեղ Մարիուս Պետիպան  և ստեղծել է  այնպիսի հզոր ներկայացումներ, ինչպիսիք են «Քնած դշխուհին», «Կարապի լիճը» և այլ բալետներ, որոնցով ապրում է համաշխարհային բալետը՝  հրավիրվում են թատերախմբերի, որոնք մերկ են պարում: Դա սարսափելի է, անընդունելի է»,-իր վրդովմունքն է արտահայտում Օլեգ Վինոգրադովը:

Վերադառնալով երևանյան ներկայացմանը՝ բալետմայստերը կրկնում է՝ մեծ ուրախությամբ է մասնակցում փորձերին և զարմանում գրանցած հաջողություններով:

Խոստովանում է՝ երիտասարդ չէ և իր համար բավականին դժվար է շարժվելը, սակայն  ոգևորված է, որ իր 85-ամյա հոբելյանը տոնելու է ներկայացման առաջնախաղին:

Վինոգրադովի ծննդյան օրը՝ օգոստոսի 1-ին, «Կուլտուրա» հեռուստաալիքով տեղի կունենա Օլեգ Վինոգրադովի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմի պրեմիերան:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]