Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ-ի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին հնարավորություն է բացում առևտրատնտեսական համագործակցության համար. Երլան Կոշանով

ՀՀ-ի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին 
հնարավորություն է բացում առևտրատնտեսական համագործակցության համար. Երլան 
Կոշանով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը հունիսի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԺ-ից, ողջունելով գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ Ղազախստանի Հանրապետության համար վճռորոշ օրերին Հայաստանում գտնվելու համար:

«Երեկ Ձեր երկրում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն էր, եւ այդ կարեւոր իրադարձությունից հետո Երեւան մեկնելը գնահատելի է»,-նշել է խորհրդարանի ղեկավարը:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին: Նա շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, եւ այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական եւ խաղաղարար հարցերի լուծման գործում:

Կողմերը դրական են գնահատել ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-ղազախական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: Նրանք ընդգծել են Հայաստանի եւ Ղազախստանի օրենսդիր մարմինների առանձնահատուկ դերը՝ հաշվի առնելով, որ հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները շարունակում են զարգանալ աճող տեմպերով: Երկուստեք կարեւորվել են միջազգային ասպարեզում փոխգործակցությունը եւ միջազգային կազմակերպություններում ակտիվ մասնակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը՝ հավելելով, որ հարազատ վայրեր է վերադարձել, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է եւ երբեք չի մոռանա Արարատ լեռը: Երլան Կոշանովը ներկայացրել է Ղազախստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն՝ նշելով, որ դա մեկ քայլ առաջ էր ժողովրդավարության ճանապարհին: Նա շնորհակալություն է հայտնել սահմանադրական հանրաքվեին Հայաստանի կողմից գործուղված դիտորդական առաքելության համար: Մաժիլիսի նախագահը գոհունակություն է հայտնել, որ ընտրվելուց հետո իր առաջին միջպետական այցը եղել է հենց Հայաստան:

Ղազախ գործընկերն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առեւտրատնտեսական համագործակցության համար՝ արձանագրելով, որ այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղազախստանում կան հեռանկարային փոխընդունելի նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել:

Երլան Կոշանովը Ալեն Սիմոնյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղազախստան:

Կողմերը խոսել են առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտությունից, ինչին կանդրադառնան այսօրվա ՀԱՊԿ ԽՎ նիստից հետո:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ղազախ պատվիրակները շրջել են ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am