Մշակույթ

Հայաստանի գրողների միության անդամները Թբիլիսիում մասնակցել են Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միության անդամները Թբիլիսիում մասնակցել են Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին, որն անցկացվում է Թբիլիսիում, ներկա են եղել Հայաստանի գրողների միության պատվիրակության ներկայացուցիչները, բազմաթիվ հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ Վրաստանի տարբեր շրջաններից: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ գտնվող Սայաթ-Նովայի շիրմաքարին՝ հարգանքի տուրքը մատուցելով բանաստեղծ-աշուղի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտել է, որ Սայաթ-Նովան թե՛ գրականության, թե՛ երաժշտության բնագավառում եզակի ստեղծագործող է եղել, որին հայերն ու վրացիները հավասարապես իրենցն են համարում, քանի որ նա սեր է նվիրել բոլորին:

«Երկու ժողովուրդների հարաբերություններում քաղցր խոսքերը միշտ էլ եղել են, բայց նրանք պարտադրելու են մեզ նույնքան լավ ու բարի գործեր անել շարունակաբար՝ Սայաթ-Նովայի հիշատակը հարգելով: Կլինեն թարգմանություններ, նոր գրքերի հրատարակություններ, տարբեր միջոցառումներ»,-նշել է Միլիտոնյանը:

Միջոցառմանը Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին հայտարարել է, որ Էդվարդ Միլիտոնյանն արժանացել է Վրաստանի գրողների միության «Տիցիան Տաբիձեի» անվան գրական մրցանակի՝ երկարամյա գրական գործունեության և հայ-վրացական գրական կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Մաղվալա Գոնաշվիլին որոշակի թարգմանություններ է արել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից և Նարեկացու մեկնաբանություններից: «Սա շատ լավ սկիզբ է, մենք պիտի ջանանք, որպեսզի նա կարողանա շարունակել իր աշխատանքը, և վրացերեն որոշակի թարգմանություններ տպագրվեն Նարեկացու անմահ ստեղծագործությունից, ինչպես նաև կարողանանք Հայաստանում օժանդակել այդ գրքի ստեղծմանը»,- եզրափակել է ՀԳՄ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում