Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Գեղարքունիքցի աշակերտները մասնակցեցին «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությանը

Գեղարքունիքցի աշակերտները մասնակցեցին «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» 
հանրապետական դպրոցական առաջնությանը

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մարզադահլիճում տեղի է ունեցել «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզի՝ մտավոր սահմանափակումներով երեխաներից կազմված թիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը,  առաջնությունը  նպատակ ուներ նպաստել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարածմանը մտավոր սահմանափակումներով  (հատուկ մարզիկներ) եւ առանց մտավոր սահմանափակումների անձանց շրջանում: Կարեւոր խնդիրներից է նաեւ հատուկ մարզիկների ֆիզիկական պատրաստության բարձրացումը, «Միացյալ սպորտ» (UNIFIED SPORT) գաղափարի կիրառումն ու  զարգացումը: «Առաջնությանը մասնակցեց նաեւ ՀՀ  Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին  Կարմիրգյուղի  թիվ 1 եւ 2 , Գավառի թիվ 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան  N 1  եւ  Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների աշակերտները: Թիմին ուղեկցում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստյոպա  Սարգսյանը: 

Մրցակից զույգերը որոշվեցին վիճակահանությամբ: Առաջնությունն անցկացվեց օլիմպիական համակարգով: Եզրափակիչ փուլ դուրս եկած թիմերի մրցումներն անցկացվեցին շրջանաձեւ: Ծավալվեց հետաքրքիր պայքար: Մրցաշարն  ուներ  նաեւ ուսուցողական բնույթ: Մրցումներին մասնակցած բոլոր աշակերտները պարգեւատրվեցին  մեդալներով  եւ դիպլոմներով,  իսկ մարզերի ներկայացուցիչներին հանձնվեցին պատվոգրեր: Առաջնությանը ներկա էր հանրաճանաչ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը: Երեխաները մեծ տպավորությամբ եւ կրկին հանդիպելու ակնկալիքով վերադարձան տուն»,-նշեց Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]