Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում  բացվեց «Հայրենական Մեծ պատերազմը և Երևանը» խորագրով ցուցահանդեսը

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում  բացվեց «Հայրենական Մեծ պատերազմը 
և Երևանը» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում  մայիսի 6-ին տեղի ունեցավ «Հայրենական Մեծ պատերազմը և Երևանը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լուսանկարներում ներկայացվեց Երևանը պատերազմական տարիներին, դրվագներ քաղաքային կյանքից, նամակներ ռազմաճակատից և Հայրենական մեծ պատերազմի հերոսների դիմանկարներ։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով՝ այս ցուցահանդեսով  տրվեց մեկնարկը Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների շարքին:

«Ցուցահանդեսում ներկայացվել է Երևանի բնակիչների կյանքը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ինչպես են նրանք օգնել  առաջին գծին, ինչպես են ապրել: Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 31-ը: Այն կազմակերպվել է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ, Երևանի քաղաքապետարանի և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ»,- ասաց Կարապետյանը:

Երևանում  «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրենը հայտնեց, որ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում կանցկացվեն ֆուտբոլային մրցույթ, համերգներ, հիշատակման արարողություններ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:

«Մեր միջոցառումների շարքը կավարտենք տոնական համերգով Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարի Դմիտրի Շոստակովիչի թիվ 7 («Լենինգրադյան») հերոսական սիմֆոնիան, որը գրվել է Հայրենական մեծ պատերազմի շրջանում Լենինգրադի շրջափակման ժամանակ»,- նշեց Կարապետյանը:

Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար հետախույզ գնդապետ Պետրոս Պետրոսյանը հպարտությամբ է հիշում Հաղթանակի օրը:

« 77 տարի է արդեն անցել, բայց մենք՝ վետերաններս, ովքեր մասնակցել ենք Հայրենական մեծ պատերազմին, հիշում ենք Հաղթանակի օրը: Այսօր, արդեն 77-րդ տարին անընդմեջ հպարտությամբ, ջերմությամբ, սիրով և հարգանքով նշում ենք Հաղթանակի օրը: Համոզված եմ,  հայ ժողովուրդը իր ուժի, հարգանքի, ջերմության շնորհիվ կշարունակի մնալ այն հաղթանակած ժողովուրդը, որը եղել է միշտ»,- ասաց Պետրոսյանը:

Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի աշխատակիցը հյուրերի համար անցկացրեց շրջայց՝ ներկայացնելով լուսանկարների պատմությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am