Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Լարսով անցնելու համար ճանապարհներին սպասում է 2000 բեռնատար, այդ թվում հայկական. ինչ է արվում շուտ փչացող բեռների մասով

Լարսով անցնելու համար ճանապարհներին սպասում է 2000 բեռնատար, այդ թվում 
հայկական. ինչ է արվում շուտ փչացող բեռների մասով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետից մինչև 100 կմ և ավելի հեռավորության վրա տարբեր ճանապարհներին այս պահին կանգնած են շուրջ 2000 բեռնատարներ, որոնց 20 տոկոսը հայկական մեքենաներն են. հերթերը, սակայն, հետզհետե նվազում են, հարցը քննարկվել է նաև մաքսային ծառայության հետ, հանձն են առել արագ փչացող բեռները ձևակերպելուց հետո արագ բաց թողնելու հարցում աջակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Ըստ Թանանյանի՝ մեկ ամիս առաջ հերթում 5000-7000 մեքենա էր սպասում, հիմա արդեն նվազման միտում կա, Ռուսաստանից Վրաստան գծին կանգնած բեռնատարների թիվն արդեն իջել է շուրջ 2000, որոնց 20 տոկոսն է հայկական՝ տարբեր բեռներով, այդ թվում՝ փչացող: Կանգնած են թուրքեր, ռուսներ, ղրղզներ և այլք: Հայկական շատ մեքենաներ դեռ կանգնած են Լարս անցակետից բավականին հեռավորության վրա:

«Այն մեքենաները, որոնք կանգնած են Լարսի հարակից տարածքում, և հայտնի է, թե ինչ բեռ են տեղափոխում, նրանց հետ կապված մենք դիմել ենք մաքսայինի ղեկավարությանը, որպեսզի աջակցեն, որ հնարավորինս արագ ձևակերպվեն»,-վստահեցրեց Թանանյանը:

Արագ փչացող բեռների հարցը բարձրացվում է բոլորի կողմից, նման բեռներ կան նաև մյուսների բեռնատարներում: Նման խնդիր կա ոչ միայն Ռուսաստանից Վրաստան, այլ նաև Վրաստանից դեպի Ռուսաստան:

Իսկ թե հերթերի գոյացման պատճառը որն է՝ կցորդը պարզաբանում է, որ այս տարի միայն առաջին եռամսյակում 35 օր Լարսը չի աշխատել՝ Խաչի լեռնանցքում եղանակի հետ կապված: Հաշվարկելով ամեն օր բաց թողնվող 400-450 մեքենաները, ստացվում է, որ շուրջ 12 000 մեքենա չի անցել: Սակայն հիմա եղանակը կարգավորվել է, ըստ Թանանյանի՝ ճանապարհը տևական չի փակվի:

Ընդ որում, շուտ փչացող ապրանքներով բեռնված բեռնատարների հետ կապված մաքսային որևէ արտոնություն չկա: «Եթե գալիս, հասնում են մաքսակետ, շատ արագ անցնում են, մաքսակետ հասնելու հարցն է: Հերթերը կանգնած են ճանապարհների վրա, դա մաքսայինի հետ կապ չունեցող հարց է, բեռը բարձել են, գալիս են մաքսակետով անցնելու, դա կարգավորում է ճանապարհային ոստիկանությունը: Իհարկե, մաքսայինն իրենց հորդորում է հնարավորինս արդար պահել հերթերը, որ չշրջանցեն, բայց անխուսափելի է, առանց դրա չեն կարող»,-ասաց մաքսային կցորդը:

Ըստ նրա՝ Լարսի բացթողունակությունը օրական երկու ուղղությամբ շուրջ 200 բեռնատար է, սակայն երկու ուղղությամբ բաց է թողնվում ավելի քան 900 բեռնատար: Իսկ մարդատարների մասով թողունակությունը 200 է, սակայն բաց է թողնում երկու ուղղությամբ մոտ 1000 մարդատար:

Ըստ Թանանյանի՝ խնդիրը ճանապարհային կարգավորման դաշտում է, որևէ մեկը որևիցե արտոնություն չունի: Արտոնությունից օգտվում են միայն գյուղատնտեսական կենդանիներ տեղափոխող մեքենաները, պայթյունահրավտանգ բեռներ տեղափոխողները: Նա նկատեց՝ վարորդներն իրենք էլ չեն թողնի, որ մեկն արտահերթ գնա: «Ճանապարհային ոստիկանությունը զբաղվում է հերթերի պահպանմամբ: Երբ հերթերը հասնում են Լարս, երբ սկսում են ձևակերպել, շատ արագ ձևակերպում են՝ նախագծայինից մոտ 400-500 տոկոս արդյունավետությամբ»,-եզրափակեց նա:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]