Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: