Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերաբացվել է 1928-1929 թվականներին կառուցված պատմական շենքում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերակառուցված և վերանորոգված գրասենյակը վերաբացվեց դեռևս 1928-1929 թվականներին կառուցված պատմական շենքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ և մշակութային գործիչներ:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ուրախությամբ նշեց, որ կինոկենտրոնը վերջապես «վերադարձել է տուն», որը 1928-1929 թվականերին հենց այս նպատակով էլ կառուցվել էր:
«Սա պատմական տարածք է և պատահական չէ, որ մենք այսօր այստեղ ենք, որովհետև այդ թվականներին այստեղ կառուցվել է կինոտաղավար, որն այդ տարիներին համարվում էր երրորդ ամենամեծ կինոտաղավարը Սովետական Միության տարածքում: 90-ականներին տաղավարը քանդվեց, փոխարենը բնակելի տներ կառուցվեցին, և մեզ փոքր տարածք տրամադրվեց, բայց այն մերն էր ու մերն է եղել երկար տարիներ: Ուզում եմ անպայման նշել, որ այսքան տարի այստեղ ոչ մի ներդրում չի եղել, և ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ-ին և բոլորին, ովքեր աջակցել և ամեն ինչ արել են, որ մենք այսօր վերադարձել ենք մեր պատմական տարածք՝ արդեն վերանորոգված և կահավորված»,- ասաց Միրզախանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին և նշեց, որ ենթակառուցվածք ստեղծելը շատ կարևոր պայման է, բայց ավելի կարևոր պայման է բովանդակությունը: Նա հույս հայտնեց, որ նման կենտրոնի ստեղծումը մեր կինոոլորտում կկրկնապատկի ոլորտի ներկայացուցիչների ջանքերը, հետևաբար, նաև արդյունքը:
«Մենք ամեն օր համոզվում ենք, որ այս ոլորտում գնալով ավելի լավ բովանդակություն ենք սկսել ստեղծել, իսկ լավ բովանդակության համար կարևոր ու պարտադիր պայման է ենթակառուցվածքը, և նման կենտրոնի ստեղծումը մեզ թույլ է տալիս մեր միջազգային գործընկերների հետ փորձել ստեղծել ավելի սերտ համագործակցություն նոր բովանդակության ստեղծման ճանապարհին»,-ասաց նա:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ կապիտալ հատկացումները մեր մշակութային հաստատություններին՝ թատրոններին, համերգասրահներին այսօր նաև ազգային կինոկենտրոնին խոսում են ոլորտի հանդեպ լուրջ վերաբերմունքի մասին:
«Ես կարծում եմ, որ այս տարեվերջին մենք անընդհատ առիթ ենք ունենալու ներկա գտնվելու նման միջոցառումների, շնորհավորելու միմյանց, քանի որ մենք իսկապես այս հաստատությունների շնորհիվ թևակոխում ենք քաղաքակիրթ իրականություն»,- եզրափակեց Խզմալյանը: