1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից, կառավարության հետ հարցուպատասխանն ավարտվեց

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից, կառավարության 
հետ հարցուպատասխանն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին իրավիճակը լարվեց, ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից, հարցուպատասխանն ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, նշեց, որ դա իր վատ անդրադարձն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: Նա հետաքրքրվեց, թե հացահատիկի մասով ի՞նչ քայլեր է նախատեսում ՀՀ կառավարությունը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ խստացվում են: Նա նշեց՝ երբ հերթը հասնի հացահատիկի խնդրին, ՌԴ-ն իր քաղաքացիներին է  սպասարկելու: Այնուհետև նա կառավարությանը մեղադրեց Արցախի շուրջ 75 տոկոսը թշնամուն հանձնելու և դաշտերում հացահատիկի պաշարները թողնելու մեջ: Նա հետաքրքրվեց, թե այդ մասով ՀՀ անվտանգությունը ինչպե՞ս են սպասարկելու:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ ամբիոնին չէր մոտենա, եթե պատգամավորի հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ իշխանությունը Արցախի 75 տոկոսը թողել է թշնամուն: «Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ հրապարակային դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե Կուբաթլի է, և այդպես շարունակ: Ընդ որում, ես միանգամից իմ արձագանքն եմ ասում դրան: Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Ընդ որում՝ դա արել են հրապարակային, ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին»,-ասաց Փաշինյանը:

Նրանց անվանելով «դավաճաններ»՝ Փաշինյանը հարցրեց. «Ինչո՞ւ են այդ հողերը, հայրենիքը դրել սակարկությունների վրա. որ հացահատիկի գործ անե՞ք. ասեք պաշտոնապես»:

«Եթե հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է և ոչ Կուբաթլի, ուրեմն հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների (ընդդիմադիր երկու խմբակցությունների-խմբ.) նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, և այն, ինչ ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է գաք այստեղ, կոկորդիլոսի արցունքներ թափեք»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Սյունիքի մասին խոսողները ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 մլրդ էլ վճարեցին պետբյուջե:

Ստամբուլյանը շեշտեց՝ Փաշինյանը գործադիրից է և իրավունք չունի մատ թափ տալով և բղավելով, ձայնի տոնայնությունը բարձրացնելով պատասխանել իրենց բարձրացրած հարցերին: Սպա կրկին հետաքրքրվեց, թե կա՞ն հստակ մեխանիզմներ, երբ հացահատիկի խնդրի առաջ կանգնի երկիրը, ՀՀ քաղաքացին ի՞նչ ակնկալի:

Փաշինյանն էլ պատասխանեց՝ այն, որ Ստամբուլյանը օրենսդիրից է, չի նշանակում, որ «տակից, գլխից կարող է ամեն ինչից խոսել»: Վարչապետը շարունակեց. «Ես ձեզ պարզ հարց եմ տալիս: Ասում եմ՝ ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու և մատով եմ խոսել»:

Ապա դահլիճից լսվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկումը տեղից. «Ձեր ղեկավարության ժամանակ է եղել»:

Փաշինյանն էլ պատասխանեց. «Ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել: Եթե Սանասար էր, ինչո՞ւ էիք գնացել, հանձնում: Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, Դուք էլ պաշտպանության նախարար եք եղել»: Փաշինյանն Օհանյանին հորդորեց չափն իմանալ, ապա հավելեց՝ պետք լինի, թափ կտա մատ:

Օհանյանի արձագանքին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հորդորեց տեղից չարձագանքել, ապա նախազգուշացում տվեց: Արշակյանը հորդորեց Օհանյանին իր գործընկերներին կոռեկտության կոչ անել, ապա նա հորդորեց հանգստացնել լարվածության մթնոլորտը:

Տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: Արշակյանն արձագանքեց՝ երբ նրա գործընկերները խոսում են հողերը հանձնելուց, լարվածության մթնոլորտ են ստեղծում: Արշակյանը հորդորեց այլևս նման բառապաշարով չխոսել: Արշակյանը նախազգուշացում հայտարարեց Հռիփսիմե Ստամբուլյանին, հորդորեց կոռեկտ լինել, չսրել իրավիճակն ԱԺ դահլիճում: Այնուհետև ԱԺ դահլիճում տարբեր պատգամավորներ տեղից սկսեցին խոսել, բանավիճեցին, աղմուկ բարձրացավ: Արշակյանը հորդորեց հանգիստ վիճակում շարունակել հարցուպատասխանը, պիտակավորումներ չանել: Նա նախազգուշացում տվեց նաև ՔՊ-ից Անդրանիկ Քոչարյանին, իսկ Գեղամ Նազարյանի՝ տեղից խոսելուն ի պատասխան, հորդորեց դուրս գալ դահլիճից, ապա դուրս հրավիրեց նաև ընդդիմադիր Արամ Վարդևանյանին: Այնուհետև ընդդիմադիր մյուս պատգամավորները ոտքի կանգնեցին, որ դուրս գան, Արշակյանը հորդորեց առանց բան ասելու դուրս գալ:

Հարցերի համար գրանցված պատգամավորներն, այսպիսով, այլևս դահլիճում չէին, հարցուպատասխանն ավարտվեց:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]