Հասարակական

Հայաստանում մեկնարկել է միգրացիայի կառավարման կարողությունների հզորացմանը միտված ծրագիրը

6 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է միգրացիայի կառավարման կարողությունների հզորացմանը միտված ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քայլեր են ձեռնարկվում միգրացիայի կառավարման կարողությունների հզորացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայացավ Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության կողմից և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության աջակցությամբ իրականացվող «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն Կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի պաշտոնական մեկնարկը։

Երկամյա գործողությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և նպատակ ունի բարելավել միգրացիոն կառավարումը Հայաստանում՝ խթանելով լավ կառավարվող և անվտանգ միջսահմանային շարժունակությունը և, համաձայն Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, շարունակել Հայաստանում ապաստանի և միգրացիոն համակարգերի ամրապնդումը։

Ծրագիրն այդպիսով նպատակ ունի ամրապնդելու ՀՀ-ում միգրացիայի և ապաստանի համակարգերը՝ նպաստելով անվտանգության ոլորտում ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցմանն ուղղված կառավարության ջանքերին։ Կառավարության կարողությունների ամրապնդմանը կարելի է հասնել միգրացիայի և ապաստանի հարցերով ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության խթանման և Հայաստանում ԵՄ փորձի, ռեսուրսների և դրական պրակտիկայի կիրառման ընդլայնման միջոցով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ծրագրում առկա է 3 կարևոր բաղադրիչ։ Առաջինը Միգրացիայի ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումն է։ Նա ընդգծում է , որ ներկայումս գործում է միգրացիայի ապակենտրոնացված համակարգ, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ Ֆունկցիոնալի կենտրոնացումը մեծամասամբ նպաստելու է միգրացիոն համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Երկրորդ կարևոր բաղադրիչն աշխատակիցների վերապատրաստումներն են։ Ղազարյանի խոսքով՝ սա առնչվում է ոչ միայն միգրացիոն ծառայության աշխատակիցների, այլև ոստիկանության, սահմանապահ ծառայության, տվյալ ոլորտում ներգրավված բոլոր գերատեսչությունների աշխատակիցների որակավորման բարձրացմանը։

Ղազարյանը շեշտեց երրորդ կարևոր բաղադրիչը՝ ծրագրի հիմնական մեխը, թվայնացման աջակցությունն է։

«Ներկայումս միգրացիայի ոլորտում արդյունավետ կառավարումը առանց թվայնացման գործիքների պատկերացնելը պրակտիկորեն անհնարին է։ Հաշվի առնելով ապակենտրոնացվածությունը՝ ունենք բազմաթիվ տարբեր, իրարից անջատ տվյալների շտեմարաններ, որոնց փոխգործելիությունը, համադրումը շատ կարևոր նշանակություն ունի։ Այս ծրագրի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ոլորտում կատարել ուսումնասիրություններ և համադրումներ»,- նշեց նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնությունների ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը կարևորեց ԵՄ աջակցությունը Հայաստանում ապաստանի և միգրացիոն համակարգերի բարելավման գործում։

Կարևորելով ապաստանի ոլորտում արդյունավետ ծառայությունների մատուցումը` ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը շեշտեց, որ «ՄԱԿ ՓԳՀ-ն կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին` ամրապնդելու Հայաստանի ազգային քաղաքականությունը և իրավական դաշտը միջազգային չափանիշներին համահունչ՝ հավաստիանալով, որ ՄԱԿ ՓԳՀ-ին դիմող անձինք ունենան իրական հնարավորություն ստանալու արդար, արդյունավետ և որակյալ ապաստանի ընթացակարգ»:

Արմեն Ղազարյանի խոսքով՝ այն գործառույթները, որոնք իրականացվում են միգրացիոն ծառայության, ոստիկանության կողմից, կենտրոնացվում են կառավարման մեկ կետում։ Նա նշեց, որ այն սոցիալական գործառույթները, որոնք իրականացվում են ներկայումս միգրացիոն ծառայության կողմից, օրինակ՝ փախստականների բնակապահովման որոշ գործառույթներ, ինտեգրման որոշակի ծրագրեր, փոխանցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Ղազարյանը վստահեցնում է, որ նոր ձևաչափով մի շարք խնդիրներ բացառվելու են։

«Խնդիրներ առաջանում են, երբ տվյալների շտեմարանները իրարից անջատ են, և անձը շատ հաճախ ստիպված է լինում միևնույն ծառայությունը ստանալու և միևնույն տվյալը հաստատելու համար մի քանի գերատեսչության հետ առնչվել։ Նոր փաթեթով դա բացառվելու է։ Չնայած կան շատ ավելի համակարգային խնդիրներ, որոնք լուծվելու են օրինակ քաղաքականության մշակում, քաղաքականության իմպլեմենտացում։ Բայց անձի տեսանկյունից դա, թերևս, ամենաէականն է»,- նշեց նա։

Համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայում կառավարությունում քննարկումների փուլում է։

Ներկաները թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկում ունեցան։ Իր եզրափակիչ խոսքում ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց ԵՄ պատվիրակությանը, Միգրացիոն ծառայությանը և ծրագրի մշակման մեջ ներգրավված բոլոր կողմերին։ Նա հույս հայտնեց, որ «բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը կնպաստի ծրագրի հաջող իրականացմանը՝ ապահովելու ավելի արդյունավետ և հաշվետու ծառայությունների մատուցում՝ հիմնված ճիշտ կառավարման և օրենքի գերակայության սկզբունքների վրա»:

Միջոցառմանը ներկա էին նաև Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավար Կարել Հոֆստրան, ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատու և օպերատիվ ավագ սպա Ալմազբեկ Բուրկուտովը, ինչպես նաև պետական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում