Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գործարարները նոր թափ են հաղորդում հայ-ավստրիական հարաբերություններին. Երևանում մեկնարկեց մեծ բիզնես ֆորում

Գործարարները նոր թափ են հաղորդում հայ-ավստրիական հարաբերություններին. 
Երևանում մեկնարկեց մեծ բիզնես ֆորում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակներում Երևանում մեկնարկել է հայ-ավստրիական գործարար համաժողովը, որին մասնակցում են ավստրիական 19 ընկերության և ավելի քան 100 հայկական ընկերության ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համաժողովը հրաշալի առիթ է հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունների առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու,  փոխշահավետ նոր գործարար կապեր հաստատելու և առհասարակ Հայաստանի և Ավստրիայի միջև տնտեսական փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար:

«Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունը այս համաժողովին», - ընդգծեց նախարար Միրզոյանը:

Որպես քաղաքական գործիչ և ոչ բիզնեսմեն՝ արտգործնախարարը շեշտում է, որ կառավարությունը Հայաստանում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ բիզնեսը և տնտեսական հարաբերությունները կարող են իրենց հարմար զգալ: Դրան նպաստում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատումը:

«Համոզված եմ, որ մեր ավստրիացի գործընկերների և ընդհանրապես աշխարհի գործարարների համար այս բառերը պիտի որ հնչեն որպես մեղեդի: Սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ», - նշեց Արարատ Միրզոյանը:

Նախարարը նաև հավելեց մեկ այլ կարևոր հանգամանք՝ Հայաստանը ունի տնտեսական որոշակի առավելություններ և ձեռքբերումներ հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Այս համատեքստում հիշատակության են արժանի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «Թումո» կենտրոնները:

Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը նույնպես ողջունեց գործարար համաժողովի մասնակիցներին՝ շեշտելով, որ պետությունների երկկողմ հարաբերությունները լիարժեք չեն առանց բիզնեսի և ամուր ու հուսալի գործարար կապերի:

«Ես հույս ունեմ, որ մի օր մենք հետ կնայենք և կասենք՝ «այս օրն էր, երբ նոր փուլ բացվեց Ավստրիայի և Հայաստանի հարաբերություններում»: Այո՛, մենք՝ քաղաքական գործիչներս, կարող ենք միայն բացել դռները, հարցերը ներառել օրակարգում, մենք կարող ենք միայն բարձրացնել հետաքրքրությունները, բայց ի վերջո իրենք գործարարներն ու ընկերություններն են աշխատանք իրականացնում և զարգացնում այդ հարաբերությունները», - ասաց Ավստրիայի ԱԳ նախարարը:

B2G և B2B ձևաչափերով տեղի ունեցող բիզնես ֆորումի շրջանակներում քննարկվում են հայ-ավստրիական բիզնես կապերի զարգացման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում: Ավստրիական կողմից ֆորումին մասնակցում է մոտ 20 ընկերություն, իսկ հայկական կողմից, ինչպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հաղորդեց, մասնակցության համար հերթագրվել է գրեթե 200 ընկերություն:

Գործարար համաժողովի շրջանակներում ստորագրվեց երկու հուշագիր: Մասնավորապես, ավստրիական «Դոփելմայր» ընկերությունը հուշագիր ստորագրեց հայկական «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության հետ, որը ներդրումային ծրագրով լեռնադահուկային նոր համալիր է կառուցելու Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում: Ստորագրված երկրորդ հուշագիրը էներգետիկայի ոլորտին է վերաբերում: Հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման և արդիականացման շրջանակներում կմոդեռնիզացվի Սևան-Հրազդան կասկադ ՀԷԿ-ը:

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիական պատվիրակության այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Ալեքսանդր Շալենբերգի գլխավորած պատվիրակությանը ուղեկցում է ավստրիացի գործարարների մեծ պատվիրակություն, որը եկել է Երևան հայ-ավստրիական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]