Հասարակական

Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այդ կապակցությամբ վերահաստատել է Իսպանիայի հետ հարաբերությունների զարգացման և ամրապնդման պաշտոնական Երևանի պատրաստակամությունը:

«Այսօր տոնում ենք Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Մենք վերահաստատում ենք մեր ամուր կամքը շարունակելու ինչպես մեր երկկողմ հարաբերությունների և միջազգային համագործակցության, այնպես և մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդումը», - Թվիթերում նշել է Հայաստանի արտգործնախարարությունը:

Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 27-ին:

Այդ ընթացքում Երևանը և Մադրիդը ստորագրել են 7 փաստաթուղթ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների, քաղաքաշինության և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության, միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների, Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին:

30 տարվա ընթացքում Հայաստանից երեք պաշտոնական այց է եղել արտգործնախարարների մակարդակով:

ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Հայաստանի և Իսպանիայի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը (արտահանում + ներմուծում) 2020 թվականին կազմել է շուրջ 33 մլն 557 հազար ԱՄՆ դոլար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Սոս Ավետիսյանն է: 2022 թ. հունվարի 13-ին նա իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին: Իսկ Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն է Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում