«Հանրակրթության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցում է 130 անձ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:
«Փոփոխությունները հսկայական են, ամենատարբեր ոլորտներին վերաբերող և համապատասխան հանձնաժողովում քննարկման ընթացքում, այդ թվում` մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկով, որոշեցինք կազմակերպել հանրային լսումներ, որպեսզի ավելի առարկայական, գուցե առաջին ձեռքից տեղեկանանք այն բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր կան մեր դպրոցներում: Լսենք նաև ձեր կողմից առաջարկություններ, ներկայացված նախագծի վերաբերյալ դիտողություններ: Մոտ 130 մասնակից այսօր ներկա լինելու ցանկություն է հայտնել»,- ասաց Գաբրիելյանը:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ խորհրդարանական լսումները նախատեսվում է, որ կտևեն մոտ չորս ժամ:
Նախագիծը ներկայացնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, այնուհետև կհաջորդեն հարցեր հիմնական զեկուցողին, մասնակիցները հանդես կգան ելույթներով: