1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Շարման՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, դեկտեմբեր, 2021

«Երևանյան բեսթսելեր». Շարման՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, 
դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը երկրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներ: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել...

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը չորրորդ տեղում է։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» հինգերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Ռոբին Շարմայի «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» վեցերորդ հորիզոնականում է։ Պահել խոստումները, դառնալ «ագրեսիվ» ունկնդիր, մշտապես սրտացավ լինել,լինել ճշմարտախոս. ահա այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն յուրաքանչյուր անհատի ինչպես աշխատավայրում դառնալ հաջողակ, այնպես էլ կյանքում՝ երջանիկ: Ռոբին Շարման իր յուրաքանչյուր գրքում մեզ ուղերձներ է փոխանցում: Փորձեք հետևել դրանց...

Յոթերորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

«100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանի երկրորդ՝ «101 բիզնես գաղտնիքներ» գիրքը ութերորդ տեղում է։ Այն պարունակում է 101 նոր, մոտիվացնող պատմություններ ու հաջողության հասնելու գաղտնիքներ։ «101 բիզնես գաղտնիքներ» գրքում նույնպես ներկայացված են մարքեթինգային գործիքներ, մոտիվացիոն բազմաթիվ պատմություններ, տասնյակ հաջողակ գործարարների ու մենեջերների կյանքը, գործունեությունը, քայլերը, բիզնեսում կայացրած որոշումները, ինչպես նաև հեղինակի անցած ուղին, թե ինչպես է նա դարձել նման բեսթսելերի հեղինակ։ Գիրքը ցույց է տալիս, որ եթե կա խնդիր, կա նաև լուծում, և խնդիրներին պետք է նայել դրանց լուծումների տեսանկյունից։ Գրքում ներկայացված քեյսերից շատերն ապացույցն են այն բանի, որ չպետք է վախենալ նույնիսկ ամենաանելանելի և բարդ իրավիճակներից, այլ դրանց մեջ հնարավորություններ փնտրել ու օգտագործել պահը։

Վարդան Պետրոսյանի «Սկիզբ»-ը իններորդ տեղում է։ Գրքում անազատության մասին երկու զուգահեռ պատումներում ներկայացվում են Վարդան Պետրոսյանի կալանավորման, բանտարկության, դատավարության, նաև հաջորդող համաճարակային շրջանում ինքնամեկուսացման մեջ՝ Ֆրանսիայում, անցկացված օրերը։ Հումոր, թախիծ, փիլիսոփայություն, դառը իրականություն․․․ջերմ, լուսավոր սեր։ Այսպես է հեղինակը ներկայացնում իր կալանքի պատմությունը և համադրում այն աշխարհում համավարակի մեկուսացման օրերի հետ։ Եվ եթե կալանքը շրջադարձային եղավ հեղինակի կյանքում, հանդիսանալով, նոր հոգևոր կյանքի սկիզբ, արդյո՞ք նույնը կլինի նաև մարդկության հետ հիվանդության ինքնամեկուսացումից հետո․․․

Տասներորդ հորիզոնականում է Մոնթե Մելքոնյանի «Պայքարելու իրավունքը»: «Պայքարելու իրավունքը» ամփոփում է Մոնթե Մելքոնյանի կարևոր աշխատությունները, հոդվածները և նամակները, որոնք հեղինակել է 1981-91 թվականներին՝ ընդհատակի և բանտարկության, ինչպես նաև Արցախյան շարժման և Հայաստանի անկախացման տարիներին: Գիրքը շոշափում է Արցախյան հարցին, Հայաստանի բաժանմանը, Թուրքիայում պարփակված հայոց հայրենիքի ազատագրմանը, այդ հողերում սփյուռքահայերի վերաբնակեցմանն ու քաղաքական ինքնիշխանության հաստատմանն առնչվող թեմաներ, որոնք Մոնթեն ուսումնասիրում է մեթոդաբանական, ռազմավարական, կազմակերպչական դիտանկյուններից՝ հիմքում ունենալով հայերի ինքնորոշման իրավունքի մասին իր անխախտ համոզումները։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 547
2 +3

Ռոբին Շարմա, «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» 

Բուկինիստ 273
3 *

Ջոն Ստրելեքի, «Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 137
4 *

Ռաֆայել Համբարձումյան, «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» 

Բուկինիստ 115
5 նոր

Ռոբին Շարմա, «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ  114
6 +1

Ռոբին Շարմա, «Առաջնորդության 8 խորհուրդ վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 109
7 -3

Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը»

Վերնատուն 103
8 նոր

Վահագն Դիլբարյան, «101 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 103
9 -7

Վարդան Պետրոսյան, «Սկիզբ»

Զանգակ 101
10 -1

Մոնթե Մելքոնյան, «Պայքարելու իրավունքը»

Վերնատուն 99

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]