Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանն անտրամաբանական է համարում Արմեն Սարգսյանի տեքստում նշված հրաժարականի պատճառները

2 րոպեի ընթերցում

Հայկ Մամիջանյանն անտրամաբանական է համարում Արմեն Սարգսյանի տեքստում նշված հրաժարականի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նիստ կհրավիրի և կքննարկի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հետ կապված հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։

«Իրադարձությունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ, և խմբակցությունը չի հասցրել նույնիսկ նիստ գումարել։ Բնականաբար, այդ գործընթացը կքննարկվի թե՛ մեր խմբակցության նիստում, թե՛ մյուս ընդդիմադիր խմբակցության հետ»,- ասաց Մամիջանյանը։

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի գործընթացին՝ Մամիջանյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում նշված պատճառները անտրամաբանական են, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը լավ տեղեկացված էր և Սահմանադրությունը կարդացել էր, որի վրա երդվել է։

«Չորս տարի նույն երգը երգել նախագահի ինստիտուտի և լիազորությունների վերաբերյալ, իմ համար անընկալելի է՝ հաշվի առնելով նաև, որ ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել և զիջել էր հոգուտ Ազգային ժողովին»,- ասաց Մամիջանյանը։

Մամիջանյանը դեռևս չի կարող ասել, թե որն է Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառը, բայց այդ պատճառը կարող է լինել թե´ ներքաղաքական, թե´ արտաքին քաղաքական։

«Դեռևս դրա մասին խոսելու համար իրական տեղեկությունը բացակայում է»,- եզրափակեց Մամիջանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում