ՄԻՊ թեկնածուն խոստանում է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դրսևորումները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակվող համակարգային հայատյաց քաղաքականության դրսևորումները կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը։
« Թե այս առումով, թե այլ հումանիտար հարցերում միջազգային իրավական հարցերով Կառավարության ներկայացուցչի հետ նախնական քննարկել ենք և ունենք անշեղ ընկալում, որ միջազգային իրավական գործընթացներում գործելու ենք արդյունավետ վերաբաշխմամբ ու փոխլրացման նույն տրամաբանությամբ»,- ասաց Գրիգորյանը։
ՄԻՊ թեկնածուն առաջնահերթ համարեց անվտանգային միջավայրի ձևավորման ու ամրապնդման համար իրավունքակենտրոն մոտեցումների ու կոնկրետ առաջարկությունների առաջ մղումը՝ թե՛ ազգային մակարդակում, և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային և տարածաշրջանային մարմիններում:
«Մեր երկրի դեպքում առավել ևս անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը, հետևողականորեն առաջ մղելով սահմանամերձ շրջաններում անվտանգային գոտու ստեղծման, սահմանագծման և սահմանազատման հնարավոր գործընթացներում սահմանային գոտում ապրող անձանց անվտանգության երաշխիքների, բնականոն և արժանապատիվ կյանքի ապահովման հարցերը»,- նշեց Գրիգորյանը։
Մյուս առաջնահերթությունը, ըստ ՄԻՊ-ի թեկնածուի, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առավել իմաստալից երաշխիքների ստեղծման, ինչպես նաև իրավունքահենք գործելակերպերի ներդրման ու բարելավման ուղղություններն են ու աշխատանքն է։
« Զինված ուժերում կյանքի իրավունքի երաշխավորման, ոչ կանոնադրական հարաբերությունների, ծառայողների հոգեբանական վիճակի և շատ այլ հարցեր, կարծում եմ, սպասում են իրենց մտածված, ռիսկերը գնահատված լուծումներին։ Հավատում եմ, որ զինված ուժերի բարեփոխումները կարող են լավ պահ և առիթ լինել համակարգային այս խնդիրներին լուծումներ նախատեսելու համար, հատկապես նկատի ունենալով, որ ՄԻՊ-ի զեկույցները համակարգային առումով վերհանել են մի շարք խախտումներ»,- եզրափակեց Գրիգորյանը։