Սփյուռք

Հանձնակատարը Հայաստանի կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու կարիք է տեսնում

2 րոպեի ընթերցում

Հանձնակատարը Հայաստանի կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջնային հարցերից է համարում հայաստանյան կյանքում սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելու հարցը. առհասարակ գոյություն ունեցող բանաձևերից է երկպալատ խորհրդարանի ստեղծումը՝ սփյուռքյան խորհրդակցական պալատով, սակայն Հայաստանում տարբերակների ընտրության շուրջ դեռ քննարկումներ պետք է լինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով ՀՀ քաղաքական գործընթացներում սփյուռքի մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում երկպալատ խորհրդարան ձևավորելու վերաբերյալ հարցին:

Սինանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տեսակետ ունի հանձնակատարի գրասենյակը, որ արտասահմանի հայկական կազմակերպությունները, քաղաքականությամբ զբաղվող սփյուռքահայերը կարողանան մասնակցել Հայաստանի քաղաքական գործընթացներին:

«Սա այն հարցերից մեկն է, որ կարծում եմ՝ ամենաառաջինն է այն օրակարգում, որը պետք է ձևավորվի մեր հաջորդ համաժողովի ընթացքում. ինչպես ենք գտնում մի բանաձև, ստեղծում մի կառույց, որը առանց Հայաստանը վտանգավոր ցնցումների ենթարկելու, հնարավորություն կտա սփյուռքին իր ձայնը շատ ավելի լսելի դարձնել հայաստանյան կյանքում»,-ասաց Սինանյանը:

Նա նշեց, որ անիվ հորինելու կարիք չկա, մոդելներն աշխարհում կան, մի քանիսն են, պարզապես պետք է համաձայնվել մի բանի շուրջ և իրագործել այն:

«Երկպալատ խորհրդարանի տեսակը մեկն է այդ հնարավորություններից, որը գոյություն ունի, իհարկե, խոսքը օրենսդիր պալատի և խորհրդակցական սփյուռքյան պալատի մասին է: Բայց կան նաև այլ բանաձևեր: Անհրաժեշտ է, որ մենք հավաքվենք մի սեղանի շուրջ, քննարկենք հարցը և տեսնենք, թե որն է մեծամասնության և պետության համար ընդունելի և անցնենք առաջ»,-ասաց գլխավոր հանձնակատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում