Հասարակական

Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Էստոնիայի գրանցած հաջողություններին, տնտեսության ազատականացման էստոնական փորձին, նշել, որ այն կարող է օրինակելի լինել Հայաստանի համար։

Նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես, ընդգծել է արդեն իսկ հաստատված թվայնացման ռազմավարությունը, դրանից բխող թվայնացման նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև հաջողությամբ գործարկված e-gov, e-draft և մի շարք այլ էլեկտրոնային հարթակները, որոնք պարբերաբար ամբողջացվում ու արդիականացվում են։

Նախարարը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակման, հատկապես էստոնացի մասնագետների կողմից պրակտիկ խորհրդատվության, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ռինա Կալյուրանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ առկա համագործակցության ուղղություններին: Դեսպանը նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում քայլեր ձեռնարկել ընդլայնելու գործակցությունը և վեր հանելու համագործակցության նոր հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մի շարք հնարավորություններ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի համապատասխան մասնագետներից ձևավորել աշխատանքային խումբ, ստեղծել ճանապարհային քարտեզ և մշակել գործողությունների ծրագիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում