Դեսպանը ՀՀ նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը
3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման մեկնարկին դեսպանը նախագահին է փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին մասնակցելու հրավերը:
Հանրապետության նախագահը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ Միացյալ Էմիրությունները վերջին տարիներին դարձել է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակում են զարգանալ ու ընդլայնվել:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը դրական է գնահատել երկրների ղեկավարությունների կողմից գործակցության սերտացմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև դեսպանի անձնական արդյունավետ աշխատանքը:
Դեսպան Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ խոսքերի համար և նշել, որ հնարավորինս իր կարողությունները ներդնում է երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման գործում:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, բարձր տեխնոլոգիական և հարակից ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին:
Կողմերն ընդգծել են ինչպես ընթացիկ համատեղ ծրագրերի առաջմղման կարևորությունը, այնպես էլ՝ առաջիկա գործակցության հետագա ընդլայնումը՝ տնտեսական, այլընտրանքային էներգիայի և այլ ոլորտներում:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների և մասնավոր ոլորտի ներկայացուցիչների համար ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերի շարունակականությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը և հաստատակամորեն շարժվում է այդ ուղով: Այս համատեքստում դեսպան Նարիման Ալ-Մուլլան վերահաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին, ինչը բխում է բոլոր կողմերի շահերից: