Հայաստան

ՀՀ նախագահը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 12-րդ տարեդարձի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին շնորհավորական նամակ է հղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՀՀ նախագահը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին մաղթել է շուտափույթ ապաքինում։

«Մաղթում եմ շուտափույթ ապաքինում և Ձերդ Սրբության առողջության համար համայն աշխարհից հնչող աղոթքներին։

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական սերտ կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր և մշակութային ժառանգության վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման ու խորացման գործում։ 

Երախտապարտ ենք Ձերդ Սրբության խաղաղության ուղերձների համար՝ ուղղված հայ ժողովրդին։ Աշխարհում ահագնացող պատերազմների և բռնությունների պայմաններում, առավել քան երբևէ, պետք է հետևել արդարության և համերաշխության, ժողովուրդների հաշտեցման Ձերդ Սրբության կոչերին»,-նշված է ուղերձում։

ՀՀ նախագահն իր ուղերձում նաև վստահություն է հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրական ու վեհ առաքելությունը կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը։

«Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է ուղերձում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում