Քաղաքականություն

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը քննարկել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար՝ նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ. մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու համար մեր համագործակցությունը, և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս կա մեր համագործակցության շրջանակը առավել ընդլայնելու բավական չօգտագործված ներուժ»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:

Նշվում է, որ կողմերը երկուստեք ընդգծել են կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում