Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն

Հովհաննես Հարությունյանը  Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական 
դիմումի համաձայն

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հովհաննես Հարությունյանը  Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինչն էլ հիմք ընդունելով  և «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»: Այս մասին նոյեմբերի 4-ին  Շիրակի մարզպետարանում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Շիրակի արդեն նախկին մարզպետը:  Իսկ այն, որ  հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքից, ինքը չէր շարունակելու ղեկավարել մարզը, ըստ Հովհաննես Հարությունյանի հստակ էր իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու որոշումից հետո: 

Որպես մարզպետ իր վերջին ասուլիսի ժամանակ, Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց շիրակցիներին, ապա նաև ՀՀ Վարչապետին ու ՀՀ Կառավարությանը՝ պաշտոնն իրեն վստահելու համար: «Աշխատանքը պատվաբեր էր, իսկ որպես մարզպետ աշխատելը՝ կարեւոր․ կենսագրությունում Շիրակի մարզպետ աշխատելու ժամանակահատվածը ամենակարեւոր տողը կլինի: Ես եղել եմ հավատարիմ այն բոլոր ճիշտ մոտեցումներին, ինչը բնորոշ է շիրակցուն։ Իմ որոշումների հիմքում եղել են միայն ի նպաստ Շիրակի որոշումներ եւ ես ուրախ եմ․ հպարտ եմ, որ իմ կյանքի ընթացքում ունեցել եմ հնարավորություն նման պատվաբեր պաշտոն զբաղեցնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անկեղծացավ Հովհաննես Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե առաջիկայում ինչ  պաշտոն է ստանձնելու. «Կան քննարկումներ, քաղաքական ղեկավարությունը, իմ գործընկերները եւ ես տարբեր քննարկումների մեջ ենք եւ ի վերջո քննարկումների արդյունքում ինչ որոշման որ հանգենք, անկախ այն հանգամանքից, թե ինքը ինչ պաշտոն կզբաղեցնի, միեւնույն է, լինելու եմ  Շիրակի մարզի կողքին»։

Պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում փորձել է հնարավորինս անել շիրակցու հոգսը թեթևացնելու համար: «Իմ գործունեության տեսակի մեջ անընդհատ որոշումներիս հիմքում ընկած է եղել պատերազմի հետեւանքների հնարավոր չեզոքացումը, ՀՀ քաղաքացու կողքին լինելը, ականջալուր եւ օգտակար լինելը։ Այս ընթացքում թեկուզ դժվար, բյուջեի սղության պայմաններում մենք կարողացել ենք Կառավարությունից լրացուցիչ միջոցներ բերել մարզ եւ այն ծրագրերը, որոնք 2021 թվականին նախատեսված չեն եղել։ Մեծ աշխատանք է Թալին-Գյումրին՝ Հյուսիս-Հարավի մեծ հատվածն արդեն այս տարի իրականացվել է եւ շուտով Մարալիկի շրջանցող հատվածը նույնպես կբացվի․ մենք կունենանք ահագին բարվոք վիճակի, կարելի է ասել, լավ վիճակի ճանապարհ՝ Գյումրին Երեւանին կապող, եւ, կարծում եմ, 21 թվականի կարեւոր ձեռքբերումներից էր Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման հետեւողականության ապահովումը, որը մենք իրականացնում էինք ամենօրյա ռեժիմով»։

ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում մարզի մի քանի բուժհիմնարկ համալրվել է նոր սարքավորումներով, ներգրավվել են նոր կադրեր՝ մանկական ծառայությունը զարգացնելու համար։

Իսկ թե ինչու Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ քիչ ձայներ հավաքեց, Հովհաննես Հարությունյանը նշեց, որ պատճառները արդեն վերլուծվում է. «Հիմա էլ են վերլուծությունները ընթանում, որովհետեւ շատ կարեւոր խնդիր կա․ պետք է հասկանալ, թե ինչու մեր քաղաքացիները չուզեցին գնալ ընտրության։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ձախողել, դա այն վարած քաղաքականությունն է, որով անընդհատ կարեւորում ենք քաղաքացու քվեն եւ այո, ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր քվեն, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է, կարեւոր է։ Ինչպես որոշի ՀՀ քաղաքացին, այդպես էլ լինելու է։ Եթե որոշում է չգնալ ընտրությունների, կունենան նման պատկեր, եթե որոշում է գնալ եւ ընտրել, իր քվեն լինելու է ամենաամենակարեւորը»:

Հովհաննես Հարությունյանի կարծիքով Շիրակի հաջորդ մարզպետն ի զորու կլինի լուծել իր առջև դրված խնդիրները: «Շիրակի մարզում խնդիրները կարեւորությամբ իրար չեն զիջում եւ ասել, որ այս մի հարցը ավելի կարեւոր է եւ պետք է օր առաջ լուծել, քան մյուսը, մի քիչ չի համեմատվում, որովհետեւ յուրաքանչյուրն էլ կարեւոր են։ Կարծում եմ եւ համոզված եմ, որ Շիրակի նոր մարզպետն ի զորու կլինի այդ խնդիրները լուծել՝ հետեւողական աշխատանք տանելով եւ նաեւ նոր ծրագրեր ներդնելով»,-հավելեց Հովհաննես Հարությունյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]