Հասարակական

Եթե զգանք, որ նորից պատվաստվելու անհրաժեշտություն կա, անպայման պետք է դա անենք. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եթե զգանք, որ նորից պատվաստվելու անհրաժեշտություն կա, անպայման պետք է դա անենք. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է կորոնավիրուսով վարակվածությունից և 98,2 տոկոսով՝ հոսպիտալացումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ թվաբանությունը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում:

«Պատվաստվածների մոտ վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը: Կրկնակի վարակի դեպքերը կարող են մինչ 3-4 տոկոսի հասնել:»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 1-ից քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ ամսական երկու անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է, Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ 300 հազարից ավելի պատվաստումների դեպքում չունենք հիշատակման արժանի որևէ բարդություն:

«Փորձում են պատվաստման մեջ դավադրություն տեսնել, սակայն ընդգծեմ, որ Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել: Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եթե մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք: Այսօր կարողություններ ունենք օրական մինչև 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք, ու պետք է կոչ անեմ՝ համաճարակային կանոնները պահել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում