Սպորտ

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ 

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկներ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել են 16 մարզաձևերում:

Հայաստանը Կազանում ունեցել է 11 մարզաձևից 55 ներկայացուցիչ, որոնք նվաճել են 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Առաջինը հաջողության են հասել բռնցքամարտիկները. Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 63 կգ քաշային Արշակ Բաբլումյանը՝ բրոնզե: Հաջորդիվ պատվո հարթակին են կանգնել Գևորգ Մանուկյանը, որը արծաթե մեդալ է նվաճել կորեշ մարզաձևի 65 կգ քաշային կարգում, և սամբիստներ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ), որոնք դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը նվաճել է հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևի եզրափակիչում նա երկրորդ տեղն է զբաղեցրել 245.3 միավորով: Վերջին բրոնզե մեդալները գրանցվել են մուայթայ, սեղանի թենիս և կարատե մարզաձևերում: Մուայթայում երրորդ մրցանակին արժանացել են Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ), սեղանի թենիսի պատանիների զուգախաղում մեդալակիր է դարձել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը, իսկ կարատեիստներից հաջողության է հասել Գեղամ Նիկողոսյանը (մինչև 60 կգ):

ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը նախատեսվում է անցկացնել 2023 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում