Մարինա Մալախյանն ազատվել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրենի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը:
«Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:
Երևանի քաղաքապետարանը Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ու ձայնագրությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն: