Վահրամ Դումանյանն ու Ֆրանսիայի դեսպանը ստորագրել են գործընկերային համաձայնագիր ՀՀ դպրոցներում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև օգոստոսի 30-ին Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»:
«Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ հայ-ֆրանսիական կապերն ունեն դարավոր պատմություն ու ամուր հիմքեր, և այս նախաձեռնությունն իրապես խորհրդանշական է նաև հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության ամրապնդման առումով:
«Իմ համոզմամբ՝ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից և ընդգրկում է 10 հանրակրթական դպրոցներ: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից՝ ծրագրի ընդլայնման արդյունքում, ֆրանսերենի խորացված ուսուցումը կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և մեկ վարժարանում: Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև Հայաստանի Հանրապետության մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը:
Անդրադառնալով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկություններին՝ նախարարը հույս է հայտնել, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կիրականացվեն նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը:
«Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը, և այսօր ստորագրված գործընկերության համաձայնագիրը նույնպես հիմք կհանդիսանա համատեղ նոր ծրագրերի իրականացման համար»,- եզրափակել է նա:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն էլ շեշտել է, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը:
«Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,- շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները:
Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:
«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը՝ վերահաստատելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը և ընդգծելով այդ հարաբերությունների տիրույթում միմյանց լեզուները սովորելու կարևորությունը:
Համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում: 2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-րդից 9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցներում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-ից 12-րդ դասարաններ: