Հասարակական

Արշակ Կարապետյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Արշակ Կարապետյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։

Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին: Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում