Հասարակական

Շնորհակալ եմ ձեզ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար. Արշակ Կարապետյանը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

Շնորհակալ եմ ձեզ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար. Արշակ Կարապետյանը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 26-ին այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից մանրամասնում են, որ զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։

Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։

«Արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Վստահեցնում եմ, որ Կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար»,- շեշտել է նա:

Նշվում է նաև, որ պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։

Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։

Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։

Հրամանատարական կազմին հորդորվել է անել առավելագույնը եռամսյա հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։

Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։

«Հավաստիացնում եմ, որ իմ այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իմ անմիջական հսկողության ներքո։ Շնորհակալ եմ ձեզ հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար»,-նշել է գերատեսչության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում