Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դրական արձագանքներ՝ զբոսաշրջիկներից. «Սևան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարը կահավորված հանրային լողափերի մասին

 Դրական արձագանքներ՝ զբոսաշրջիկներից. «Սևան ազգային պարկի» 
տնօրենի պաշտոնակատարը կահավորված հանրային լողափերի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից և արտասահմանից եկած զբոսաշրջիկները գոհ են Սևանա լճի առափնյա 3 տարբեր հատվածներում գործող գեղեցիկ կահավորված, հարդարված և պատշաճ ծառայություններ մատուցող հանրային լողափերից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արման Աբելյանը նշեց, որ իրենք մշտապես դրական արձագանքներ են ստանու:

 «Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն ապահովելու նպատակով 2021 թվականի հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր։ Այնտեղ քաղաքացիների մուտքն ազատ է։ Ընդհանուր առմամբ կա 8 հանրային լողափ, սակայն 3-ն են այս պահին կահավորված: Մենք այս 1 ամսում դրական արձագանքներ ենք ստանում զբոսաշրջիկներից՝ և՛ արտասահմանից եկող, և՛  Հայաստանում ապրող: Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի հանգստացողներն իրենց հարմարավետ զգան»,- նշեց Աբելյանը:

Նա հայտնեց, որ այսօր առավոտյան եղել է լողափերից մեկում, որտեղ ռուս զբոսաշրջիկների երկու մեծ խումբ էր հանգստանում: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը նաև ընդգծեց, որ հոսքը բավականին մեծ է լինում հատկապես ուրբաթ-կիրակի օրերին: 

Հանրային լողափերում կան անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ: Իրականացվում է նաև աղբահանության պատշաճ կազմակերպում: Լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:

«Այս կահավորված լողափերում աղբամաններն այնպես են տեղադրված, որ այցելուներն աղբն այլևս տարածքում չեն թողնում և հեռանում, նաև մանղալներ կան խորոված պատրաստելու համար: Ընդհանուր առմամբ ամեն ինչ ստեղծված է լավ հանգիստ կազմակերպելու համար, մեր աշխատակիցներն ու ոստիկաններն էլ հսկում են, որպեսզի միջադեպեր չլինեն»,- ասաց Աբելյանը և հավելեց, որ բարեկարգման աշխատանքները դեռ շարունակվում են, ավելացվելու են փայտից տաղավարներն ու շվաքարանները:

N1 հանրային լողափը գտնվում է Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կիլոմետրից դեպի ափամերձ հատված, և զբաղեցնում է 1,39 հա տարածք: N2 հանրային լողափը տեղակայված է Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կիլոմետրից դեպի թերակղզու ափամերձ հատված՝ 1,82 հա տարածքի վրա, իսկ N3 հանրային լողափն էլ գտնվում է Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կիլոմետրից դեպի ափամերձ հատված և զբաղեցնում է 5 հա տարածք: 

Խոսելով մյուս հանրային լողափերի մասին, որոնք գտնվում են, օրինակ, Ծովագյուղում, Շորժայում, Աբելյանն ասաց, որ դրանք եկող տարվա ընթացքում անպայման կկահավորվեն:

]


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am