ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հրավերով՝ օգոստոսի 17-ին, Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեն, Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, «Հնդկա-հայկական բարեկամության» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ պաշտոնապես այցելել են Հայաստանում եզդիների Ակնալճի հոգևոր կենտրոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, եզդի հոգևորականներ և այլք:
Այցելության ընթացքում Հնդկաստանի պետական այրերը ծաղիկներ են դրել եզդի ժողովրդի 2014 թվականի ցեղասպանության հուշակոթողի, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Հյուրերին ներկայացվել է եզդիական տաճարը, տեղի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը և այնտեղ հուղարկավորված հերոսների պատմությունն ու կարևոր դրվագները, Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումներն ու մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:
Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Հնդկաստանի խորհրդարանում եզդի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու վերաբերյալ: