Հասարակական

Արմավիրի մարզում շրջիկ ցիստեռնից գնված ջուրը աղիքային վարակի պատճառ է դարձել

2 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզում շրջիկ ցիստեռնից գնված ջուրը աղիքային վարակի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժ. 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի` աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և մանրամասնում, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է՝ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։

2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Արդյունքում, օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում