Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չայցելել այն սրճարանները, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է. Դավիթ Գյուրջինյանի հորդորը 

Չայցելել այն սրճարանները, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է. Դավիթ 
Գյուրջինյանի հորդորը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 7 ամիսներին Լեզվի կոմիտեն բացահայտել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ խախտումներ, ինչի արդյունքում հարուցվել է 63 վարչական վարույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ դա բավական մեծ թիվ է: Այս 7 ամիսների ընթացքում վարչական դատարանում քննված գործերի քանակը 18-ն է: Դատարանները բավական ծանրաբեռնված են: Կոմիտեն դատական նիստեր ունի, որոնք նշանակված են 2022 թվականի փետրվար, մարտ ամիսներին:

«Տնտեսավարողները, փաստորեն, ժամանակ ունեն ու բացերը շտկելու փոխարեն սպասում են վերջին օրվան, գալիս են փաստաբաններով, որ վիճարկեն հարցը: Հայաստանում մեր տնտեսավարողները կարծես, թե գործում են ոչ հայաստանցիների համար, այլ զբոսաշրջիկների: Մտնում եք սրճարան, և ձեզ բերում են ճաշացանկը միայն օտար լեզվով: Ապա մտեք խոշոր առևտրի կետեր ու տեսեք, ներսը, կարծես, Հայաստան չլինի: Այնինչ, «Լեզվի մասին» օրենքն ասում է, որ նախ պետք է լինի հայերեն, և այն կարող է զուգակցվել այլ լեզուներով: Մեր տնտեսավարողները, փաստաբաններ վարձելով, պատճառաբանում են, թե Հայաստան եկող զբոսաշրջիկը հայերեն չի հասկանում: Բա հայաստանցինե՞րը: Ի վերջո, պետք է հասկանան, որ սա Հայաստան է, այստեղ պետական լեզուն հայերենն է, այն առաջնային է, գերակա է, նոր դրանից հետո կարող են լինել զուգակցումներ»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը: Նրա խոսքով, կան խելամիտ մարդիկ, որոնք արագ արձագանքում են ու փոխում գրառումները: Դավիթ Գյուրջինյանն ընդգծեց, որ իրենց նպատակը տուգանելը չէ, այլ տնտեսավարողների հետ աշխատելով՝ բացերը շտկելը:

Հաճախ հանդիպող խախտումներից է խանութների, ռեստորանների, սրճարանների ճակատային մասում միայն օտարալեզու ցուցանակների տեղադրումը: Լեզվի կոմիտեն հետամուտ է լինելու այդ հարցի լուծմանը հօգուտ հայերենի՝ պետական լեզվի: Դավիթ Գյուրջինյանն ընդգծում է, որ մեր երկում մեզ անհարմար ու օտար պետք է չզգանք: Հաջորդ անհանգստացնող հարցը դեղերի ներդիրներն են, որոնք օտարալեզու են: Դեղատները պարտավոր են հաճախորդին տրամադրել հայերեն տարբերակը:

«Լեզվի մասին» օրենքի պահանջները չկատարելու դեպքեր ամենաշատն առկա են սպասարկման ոլորտում: Խնդրահարույց է բնակավայրերի արտաքին հարդարանքի ոլորտը, հատկապես Երևանի կենտրոնի: Դավիթ Գյուրջինյանը հորդորում է քաղաքացիներին չայցելել այն սրճարաններ, սննդի սպասարկման կետեր, որտեղ ճաշացանկը միայն օտարալեզու է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]