Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է  ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների բանակցությունների հիմնական օրակարգային հարցերը

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է  ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների բանակցությունների 
հիմնական օրակարգային հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պաշտպանության նախարարների մակարդակով օգոստոսի 11-ին Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված և առանցքային կարևորություն ներկայացնող խնդիրներն են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր,  օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, և հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն աղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 11-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում՝ պատվիրակությունների կազմով։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։

Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին՝ Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։

Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։

Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։

Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]