1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՊՀ-ն ու CSUN-ը կհամագործակցեն. ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը քննարկումներ է անցկացրել Լոս Անջելեսում

ԵՊՀ-ն ու CSUN-ը կհամագործակցեն. ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը 
քննարկումներ է անցկացրել Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի (CSUN) ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են CSUN-ի նախագահ Էրիկա Դ. Բեքը, պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Մերի Բեթ Ուոքերը, ուսանողական հարցերով փոխնախագահ Վիլյամ Ուոթքինսը, Հայագիտական ծրագրի տնօրեն Վահրամ Շեմասյանը և Հայ ուսանողների ընկերակցության ներկայացուցիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսը CSUN-ի նախագահ Բեքին և նրա գործընկերներին առաջարկել է գործընկերություն հաստատել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ: Ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկվող գործիքակազմի առաջին գործնական կետը Հայաստանը «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրում ներառելն է՝ CSUN-ի ուսանողների համար: Դրա հիման վրա նրանք կարող են սովորել տարբեր դասընթացներ Երևանի պետական համալսարանում մեկ կամ երկու ակադեմիական կիսամյակի ընթացքում, որոնց կրեդիտները կփոխանցվեն ԵՊՀ-ից CSUN- ին: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը նաև առաջարկեց դասախոսների և ուսանողների փոխանակում սկսել երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ինչպես նաև համատեղ ուսուցման և հետազոտական նախագծերի մշակում CSUN-ի և ԵՊՀ-ի դասախոսական կազմի միջև:

 CSUN-ի ղեկավարությունը դրական պատասխան է տվել գործընկերության առաջարկին և ոգևորությամբ փոխադարձել ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցություն ձևավորելու ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությանը։ Պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Ուոքերն առաջարկել է ավելացնել մեկ այլ գործնական կետ, որը ուսանողների փոքր խմբերի տարեկան փոխանակումն է: Դա հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին շարունակել ուսումը Կալիֆորնիայի Նորթրիջում և փոխադարձաբար Երևանում։

CSUN-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը 2015 թվականին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր`գիտական և կրթական համագործակցությունը խթանելու նպատակով:  Դեսպան Բայբուրդյանը CSUN-ի ղեկավարությանը նաև տեղեկացրել է Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության նոր ծրագրի առաջիկա մեկնարկի մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցությամբ՝ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի մեկնարկը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերին: Սա երկամյա կրթական ծրագիր է լինելու՝ դասընթացներ նախատեսող ամերիկյան քաղաքականության, պատմության, ԱՄՆ արտաքին քաղաքականության, տնտեսագիտության և ամերիկյան հասարակության վերաբերյալ:

Դեսպան Բայբուրդյանը խոստացել է CSUN-ի նախագահ դոկտոր Էրիկա Բեքին և նրա թիմին պաշտոնական հրավեր ուղղել՝ Հայաստան այցելելու: Վերջինս նշեց, որ ուրախ կլինի այցելել Երևան և ապահովել առաջընթացը՝ ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման ուղղությամբ։

CSUN-ը Միացյալ Նահանգների ամենամեծ համալսարաններից մեկն է, որտեղ 2020 թվականի աշնանը գրանցվել է 39,000 ուսանող: CSUN-ը Հայաստանից դուրս գտնվող համալսարանններից ամենաշատ հայ ուսանողներ ունեցող համալսարանն է։ CSUN-ի ավելի քան 3000 ուսանող հայ է, ինչպես նաև CSUN-ի ավելի քան 140 լրիվ և կես դրույքով դասախոսներ և վարչական աշխատակիցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]