Տոկիո-2020. Հայաստանն Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ, կա ևս մեկ մեդալի հնարավորություն
2 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթները Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող ամառային Խաղերում Հայաստանը նվաճել է 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե: Կա ևս մեկ մեդալի հնարավորություն: Եթե ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանին հաղթած մարզիկը՝ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամԳաջիմուրադ Ռաշիդովը հասնի եզրափակիչ, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանա անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որը հաղթելու դեպքում՝ բրոնզե մեդալի համար պայքարելու:
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ դարձան ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով հավաքականի թիմի ոսկու հիմնական հավակնորդներից էր,և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Խաղերին մասնակցում էր ՕԽ գործող չեմպիոնի կարգավիճակով:
Բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որը բացառիկ անթերի արդյունք էր գրանցել Օլիմպիական խաղերի որակավորման փուլում և դուրս եկել եզրափակիչ:
Եվ Օլիմպիական խաղերում երկրորդ փորձից մեդալակիր դարձավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, ով դարձավ բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 7-ի դրությամբ Հայաստանը Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է:
Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 8-ին: