Վարսեր գյուղում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզի շենքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, 8-ամյա դադարից հետո Վարսերի հիմնանորոգված մանկապարտեզն իր դռներն է բացել փոքրիկ վարսերցիների առջեւ:
Մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը տրվել է 2019 թվականին, որի ընթացքում փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները, իսկ 2020-21 թվականներին այստեղ իրականացվել են ներքին հարդարման,գույքի ձեռքբերման եւ շենքի արտաքին տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Եռամյա ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար ծախսվել է շուրջ 150 միլիոն դրամ: Ծրագիրը 65 տոկոսով կամ մոտ 93 միլիոն դրամով ֆինանսավորել է ՀՀ կառավարությունը, իսկ 35 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով՝ Վարսերի համայնքապետարանը:
Հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել մանկապարտեզի բացման արարողությունը, որին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, համայնքների ղեկավարներ, հյուրեր, Վարսերի բնակիչներ:
Համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը եւ Գեղարքունիքի մարզպետարանին՝ իրենց կողմից երկար սպասված ծրագրին ընդառաջելու եւ այն իրականություն դարձնելու հարցում աջակցելու համար:
Վարսերցիներին, մանկապարտեզի աշխատակազմին եւ սաներին շնորհավորել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հույս հայտնելով, որ Վարսերում գործող այս կառույցն իր բովանդակությամբ այսուհետ կնպաստի մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների լավագույն կազմակերպմանը:
Հիմնանորոգված մանկապարտեզում ստեղծված է 120 սանի սպասարկման հնարավորություն:
Մանկապարտեզի երկրորդ հարկում տեղակայված են խաղասենյակները, ննջասենյակները, սանհանգույցները, իսկ առաջին հարկում խոհանոցն է, լվացքատունը, վարչական սենյակները, բուժկետը եւ առանձին մուտքով մի քանի դահլիճներ, որոնք կծառայեն համայնքի բնակիչների մարզական կարիքների համար:
Մանկապարտեզի բարեկարգված բակը նաեւ կահավորված է տարբեր խաղային հնարավորություններով:
Վարսերի նորաբաց մանկապարտեզում առայժմ կհաճախեն 30 սաներ, նրանց թիվն աստիճանաբար կավելանա, քանզի շատերը համայնքի մանկապարտեզի բացակայության պատճառով ստիպված էին իրենց փոքրիկներին այլ համայնքների մանկապարտեզներ տանել:
Մանկապարտեզի աշխատակազմը համալրված է համապատասխան մասնագետներով:
Տոնական միջոցառման ընթացքում գրական-երաժշտական կատարումներով հանդես են եկել վարսերցի դպրոցականները:
Խոսրով Խլղաթյան