Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Գավառի բժշկական կենտրոնում տարվում են նորոգման, տեխնիկական ու կադրային վերազինման աշխատանքներ

Գավառի բժշկական կենտրոնում տարվում են նորոգման, տեխնիկական ու կադրային 
վերազինման աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի բժշկական կենտրոնում վերջին երկու ամիսների ընթացքում տարվել են առանձին բաժանմունքների նորոգման, տեխնիկական վերազինման ու կադրային հագեցվածության հետ կապված աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, դրանք առնչվում են  առաջին բուժօգնության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը, ֆիզիոթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներում պայմանների եւ հնարավորությունների,  հիվանդանոցում գործող դեղատանն առկա դեղորայքի պահպանման պայմանների բարելավմանը, շտապօգնության եւ այլ ծառայությունների տեղակայմանը:

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գավառի բժշկական կենտրոն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:   Անդրադառնալով բժշկական կենտրոնում գրանցված հաջողություններին եւ ձեռքբերումներին՝ տնօրեն Գարիկ Սողոմանյանը տեղեկացրել է, որ կենտրոնը արդեն համալրվել է 30 բժիշկ-մասնագետներով, իսկ հովանավոր կազմակերպությունների եւ առանձին բարերարների շնորհիվ հիվանդանոց են այցելում եւ իրենց առաջավոր փորձով տարբեր բժշկական միջամտություններ են իրականացնում նաեւ փորձառու եւ բարձրակարգ  մասնագետներ: Հովանավորների աջակցությամբ հիվանդանոցն աստիճանաբար ձեռք է բերում նոր եւ ժամանակակից  բժշկական գործիքներ ու սարքավորումներ:

«Անցած տարվա համեմատ, այս տարի մեր հիվանդանոցում ավելացել է վճարովի ծառայությունների մատուցման քանակը, իսկ պետպատվերը գերակատարվել է: Վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների գումարը գերազանցում է 15 միլիոն դրամը, ինչը հնարավորություն է տալիս մեր ընդհանուր աշխատանքների մեջ վերանայել ու բարձրացնել նաև բուժաշխատողների աշխատավարձը:  Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում «Վիվա» բարեգործական կազմակերպությանը՝ մեր հիվանդանոցին տարբեր խնդիրներում ֆինանսապես աջակցելու համար: Այդ կազմակերպության ֆինանսավորմամբ առաջիկայում Գավառի բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետներ կհրավիրվեն Մոսկվա՝ առաջատար կլինիկաներում վերապատրաստումներ անցնելու համար»,- հավաստել է տնօրեն Գարիկ Սողոմոնյանը:

Շրջայցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կիսվել է իր տպավորություններով:

«Բժշկական կենտրոնում իրականացվել են զգալի աշխատանքներ եւ նպատակային թարմացումներ, սակայն դեռեւս շատ անելիքներ կան՝ հիվանդանոցային պայմանների ամբողջական բարելավման, կադրային եւ նյութատեխնիկական հագեցվածության առումով: Ես համոզված եմ, որ նման տեմպերով շարունակելու դեպքում, մոտ ապագայում խնդիրներն ամբողջովին հաղթահարված կլինեն: Հարկավոր է անել հնարավորը, որպեսզի վայելեք տարածաշրջանի բնակչության վստահությունը, ինչը ձեր աշխատանքի ամենամեծ ձեռքբերումն ու գրավականը կլինի»,-նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Հովանավորների աջակցությամբ օրերս բժշկական կենտրոնի բուժաշխատողները ապահովվել են  նոր եւ տարբերվող արտահագուստներով:

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]