Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Մարզային JAZZաֆիկացիա. «Վահագն Հայրապետյան տրիոյի» ջազային ռիթմերը կողողեն սահմանամերձ համայնքները

Մարզային JAZZաֆիկացիա. «Վահագն Հայրապետյան տրիոյի» ջազային ռիթմերը 
կողողեն սահմանամերձ համայնքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և Arm.Strong Production ընկերությունը օգոստոսի 1-3-ը հանդես կգան «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծով, որը կյանքի կկոչվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Վահագն Հայրապետյանն ասաց, որ օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։

Հայրապետյանն ընդգծեց՝ «Վահագն Հայրապետյան տրիոն» (Վահագն Հայրապետյան՝ դաշնամուր, Մակար Նովիկով՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ) կկատարի ինչպես ջազային ստանդարտներ, այնպես էլ Վահագն Հայրապետյանի՝ հայտնի ժողովրդական մեղեդիների մշակումները։ «Տրիոյի հետ, որպես հատուկ հյուր, ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Երգչուհին և տրիոն կներկայացնեն համաշխարհային և հայկական երաժշտարվեստի գլուխգործոցները՝ մշակված հատուկ «Մարզային JAZZաֆիկացիա» նախագծի համար»,- նշեց Հայրապետյանը:

Յուրաքանչյուր համերգ կուղեկցվի նաև դասախոսություններով, որոնց շրջանակներում կներկայացվի կատարվող ստեղծագործությունների պատմությունը, կխոսվի համաշխարհային և հայ երաժշտարվեստում այդ ստեղծագործությունների դերի, նշանակության, կարևորության մասին: Համերգից հետո արտիստները պատրաստակամությամբ կպատասխանեն ունկնդրի հարցերին: Համայնքի ներկայացուցիչների ցանկության դեպքում ծրագրի մասնակից երաժիշտները կանցկացնեն նաև վարպետության դասեր և երիտասարդ երաժիշտների լսումներ։ Նախագիծը միասնական հարթակ կստեղծի տարբեր կրթական և սոցիալական միջավայրերում ձևավորված պատանիներին ու երեխաներին հաղորդակցվելու, մի նպատակի շուրջ համախմբվելու և միասին գործունեություն իրականացնելու համար, իսկ նախագիծն ընդհանուր առմամբ կնպաստի մշակույթի համաչափ զարգացմանը, ինչպես նաև երաժշտարվեստի  հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Վահագն Հայրապետյանն անդրադարձավ նաև Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգներին՝ նշելով, որ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հետ են աշխատում և, համագործակցելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, հուլիսի 27-ին ելույթներ են ունենալու Գորիսում, 28-ին Կապանում, իսկ  հուլիսի 31-ին հանդես են գալու Երևանում՝ Կամերային երաժշտության տան բակում:

«Հուլիսի 31-ի համերգի տոմսերը դեռ երկու շաբաթ առաջ սպառվել են, և հանդիսատեսի խնդրանքով օգոստոսի 2-ին կկրկնենք համերգը: Կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի և ոչ այնքան հայտնի գործերն իմ մշակմամբ և ջազային եռյակի, քառյակի, նվագախմբի կատարմամբ: Նվագախումբը ղեկավարելու է հիանալի խմբավար Ռոբերտ Մլքեյանը»,- ասաց Հայրապետյանը:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]