«Կամերային երաժշտության դպրոց»-ի սաները գալա համերգով կամփոփեն դասերը
4 րոպեի ընթերցում

Արդեն երկրորդ տարին է՝ Primavera Foundation of Armenia հիմնադրամն «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ կազմակերպում է «Կամերային երաժշտության դպրոց»: Այս տարի դպրոցի պարապմունքները կանցկացվեն մայիսի 5-8-ը: Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա համերգով, որը տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում»։ Համերգի մուտքն ազատ է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ «Կամերային երաժշտության դպրոց»-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի ղեկավարությամբ: Պրոֆեսորն անհատական պարապմունքներ կվարի նախորդ տարի ձևավորված և նոր կամերային անսամբլների հետ, որոնք նախապես դիմել են մասնակցության համար:
Այս տարի դպրոցում ներգրավված են նաև արտասահմանցի երաժիշտներ: Հայաստանից մասնակիցներ կան ինչպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, այնպես էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից և Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցից: Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացներն անվճար են:
Մայիսի 9-ի գալա համերգին պրոֆեսոր Կրասոտինան նույնպես ելույթ կունենա՝ հանդես գալով սաների հետ անսամբլների կազմում: Ութ տարբեր անսամբլներ, որոնց կազմում կան այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ֆլեյտան, կլառնետը, ջութակը, դաշնամուրը, թավջութակը և դասական կիթառը։ Կհնչեն Մոցարտի, Խաչտրյանի, Գրիգի, Պիացոլլայի ստեղծագործությունները: Համերգը կտեսագրվի և անվճար կտրամադրվի բոլոր մասնակիցներին։
Նախորդ տարիների «Կամերային երաժշտության դպրոց»-ի արդունքներն ափոփելիս պրոֆեսոր Կրասոտինան նշել է. «Ես ապշած եմ հայ պատանի երաժիշտների աշխատասիրությամբ, կարճ ժամանակում նրանց ցուցաբերած առաջընթացով և երաժշտական նրբազգացությամբ ու ընկալունակությամբ: Նրանք հրաշալի արդյունքներ են գրացել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժիշտով: Կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն և փոխըմբռնում, ստեղծել ստեղծագործական կապեր, ընկերական հարբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջև: Կամերային անսամբլը նաև հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չընտրած երաժիշտներին մնալ բեմի վրա և բարեհաջող շարունակել իրենց երաժշտական գործունեությունը»:
Նախորդ տարիներին պատանի երաժիշտները մեծ ոգևորությամբ են մասնակցել «Կամերային երաժշտության դպրոց»-ներին։ Մասնակիցները բարձր են գնահատում պրոֆեսոր Կրասոտինայի մարդկային որակները և այն, որ նա միացել է իրենց նաև բեմում։
Այս ընթացքում Primavera foundation of Armenia-ի ջանքերով լույս ընծայման է պատրաստվում Իրինա Կրասոտինայի հեղինակած կամերային անսամբլի մասին մեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը:
Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավար: