Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կցուցադրվի Կաննի 74-րդ կինոփառատոնում  

Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կցուցադրվի Կաննի 74-րդ 
կինոփառատոնում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Օլիմպիա-3» կինոթատրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմը ցուցադրվելու է որպես 2020 թվականին Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:

Ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի և պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար: 

Կինոնկարի ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, սցենարիստներն են Նորա Մարտիրոսյանը և Էմանուել Պագանոն, օպերատորը Սիմոն Ռոկան է, պրոդյուսերը՝ Ջուլի Փարատյանը, համապրոդյուսերներն են Անի Որսկանյանն ու Անաբել Նեզրին:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է օդանավակայանների՝ ազգությամբ ֆրանսիացի աուդիտոր Ալենի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է, արդյոք, միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի  վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները՝ հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմսը»՝ (Kwassa Films): «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]