Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կողմերը գործի նյութերի հետազոտման կարգի առնչությամբ առաջարկներ արեցին. ՍԴ դատավորները գնացին խորհրդակցության

Կողմերը գործի նյութերի հետազոտման կարգի առնչությամբ առաջարկներ արեցին. ՍԴ 
դատավորները գնացին խորհրդակցության

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստից Սահմանադրական դատարանի դատավորները հեռացան խորհրդակցության՝ վերջնական որոշում կայացնելու գործի նյութերի հետազոտման կարգի առնչությամբ. դիմող և պատասխանող կողմերը ներկայացրել էին իրենց առաջարկները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ներկայացրեց գործի նյութերի հետազոտման առնչությամբ իր կարծիքը: Նա հիշեցրեց կարճ ժամկետների մասին: Որոշում կայացնելու համար ՍԴ-ն ունի 8 օր, վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

Ըստ Դիլանյանի առաջարկի՝ նախ հանդես կգան դիմողները՝ դիմումները մուտքագրելու հերթականությամբ, այնուհետև պատասխանողը, հարակից պատասխանողները՝ դատախազությունը, ոստիկանությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որից հետո երրորդ կողմը՝ ՔՊ-ն….

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն առաջարկեց դիտարկել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո նիստը շարունակելու հնարավորությունը: Նա իր դիտարկումը ներկայացրեց նաև կողմերին տրվող ժամանակի վերաբերյալ: «Ժամանակային սահմանափակումը կարող է լինել որպես ելակետ, բայց 1 ժամն ավարտելուն պես ասել, որ այլևս չես կարող դիրքորոշում ներկայացնել, ահա դրա հետ ես խնդիր ունեմ: Մենք դա կարող ենք դիտարկել որպես ելակետ, բայց ոչ որպես կոշտ սահմանափակման միջոց»,- ասաց Վարդևանյանը՝ կարգի վերաբերյալ այլ դիտարկումներ ևս ներկայացնելով:

«Զարթոնքի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը նշեց. «Մենք նույնպես կարծում ենք, որ բացատրություններ տալու իրավունքը չի կարող սահմանափակվել որևէ ժամանակով»:

Զոհրաբյանն առաջարկեց նաև, որ դիմումատուները ըստ դիմումների ներկայացման հերթականության հանդես գան, բայց յուրաքանչյուր դիմումատուի բացատրությունից հետո լսեն ԿԸՀ-ի բացատրությունը այդ դիմումի վերաբերյալ:

«Հայոց հայրենիքի» ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, սակայն, նշեց, որ 1 ժամը բավարար է ներկայացնելու համար: Նա ևս առաջարկեց բացատրությունից հետո լսել պատասխանողին:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով միջնորդությանը, ասաց. «Ես խնդրում եմ, որ ՍԴ-ն վերանայի իր աշխատակարգային որոշումը և սահմանի ԿԸՀ-ի համար 1-ական ժամ՝ յուրաքանչյուր դիմողին արձագանքելու նպատակով»:

Նա շեշտեց՝ եթե կողմերին 1 ժամ է տրվում բացատրություն տալու, ապա ԿԸՀ-ն էլ 1 ժամ պետք է ունենա՝ արձագանքելու համար: Նա հաջորդականության վերաբերյալ ևս իր դիտարկումները ներկայացրեց:

Պատասխանող կողմից ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով ժամկետներին՝ շեշտեց, որոշակի ժամկետ պետք է արձանագրել, դրանով տևողությունը սահմանել, բայց, եթե կողմը ցանկանում է ավելացնել լրացուցիչ 5-10 րոպե, ապա խոչընդոտ չպետք է լինի: ԿԸՀ-ն ևս ակնկալում է ամեն բացատրությունից հետո ներկայացնել արձագանք:

Իրենց տեսակետները ներկայացրեցին նաև հարակից պատասխանողները, դատավորները: Դիլանյանը հայտնեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցության՝ լուծելու համար նշված հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am