Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շաթիրյանը ներկայացրեց ընտրությունները վիճարկելու գործի շրջանակում ներկայացված էական հանգամանքները

Շաթիրյանը ներկայացրեց ընտրությունները վիճարկելու գործի շրջանակում 
ներկայացված էական հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի դատավոր, 2020 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը ներկայացրեց գործի քննության շրջանակում դիմողների կողմից ներկայացված էական հանգամանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ հուլիսի 9-ի նիստում Էդգար Շաթիրյանը համառոտ ներկայացրեց դիմողների խնդրանքը, որոնցով, ըստ էության, առաջարկվում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

«Երկու դաշինքների դիմումներն ընդունվել են քննության, երկու կուսակցությունների դիմումները ընդունվել են քննության՝ մասամբ»,-ասաց դատավորը:

Շաթիրյանը համառոտագրել էր, թե համաձայն դիմումների, որոնք են գործի քննության շրջանակներում էական հանգամանքները: «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:

«Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են նշվել նրանք, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն:

«Պատիվ ունեմ» դաշինքի կողմից  առանձանցված էական հանգամանքներն են՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են ընտրողի կամքի ձևավորման և արտահայտման ազատության վրա, տեղի են ունեցել ընտրությունների հավասար պայմանների ապահովման սկզբունքի էական խախտումներ, որոնք նախընտրական  քարոզչության ընթացքում դրսևորվել են ընտրություններին մասնակցող թեկնածուների և քաղաքական ուժի լուսաբանման խտրական և ոչ հավասար պայմաններով, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի ներգրավմամբ, որի արդյունքում քաղաքական ուժը ստացել է նշանակալի առավելություններ: Դաշինքը շեշտադրումը կատարել է վարչապետի պաշտոնակատարի հրապարակային ելույթներին և այդ շրջանակում, իր գնահատմամբ, ատելության խոսքին: Դիմողն անդրադարձել է նաև ընտրական գործընթացում, իր գնահատմամբ տեղի ունեցած ճնշումներին և ձերբակալություններին:

Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am