1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին. Ստանիսլավ Զաս

ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին. Ստանիսլավ Զաս

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ին ՀՀ պետական տարածք ներթափանցմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:

Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չի նկատվում և ներկայումս պետք չէ խոսել իրավիճակի սրման մասին:

«Առջևում դեռ շատ աշխատանք կա հենց սահմանային հարցերի, վիճելի պահերի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ», - նշել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես շփվել եմ եւ Հայաստանի արտգործնախարարի, եւ պաշտպանության նախարարի հետ: Քննարկում էինք այդ իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», - հավելել է Զասը:

Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին:

«Մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև, իհարկե, իրավիճակին հետևում ենք», - նշել է գլխավոր քարտուղարը:

Զասը նաև հավելել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում` հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Մայիսի 13-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված: Նա նշել էր, որ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]