Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կշարունակեմ աջակցել, նպաստել Օպերային թատրոնի զարգացմանը. Կոնստանտին Օրբելյանը՝ անելիքների մասին

Կշարունակեմ աջակցել, նպաստել Օպերային  թատրոնի զարգացմանը. Կոնստանտին 
Օրբելյանը՝ անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը տևական ժամանակ Հայաստանում չէ, սակայն շարունակում է ղեկավարել թատրոնն ու նպաստել երկրի կարևորագույն մշակութային կառույցի զարգացմանը:

Օրբելյանը, որը հունիսին պատրաստվում է վերադառնալ Հայաստան, «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է արտերկրում կատարած աշխատանքի, Օպերային թատրոնում սպասվող նորությունների մասին:

- Պարոն Օրբելյան, տևական ժամանակ ԱՄՆ-ում եք: Այդ ընթացքում ստեղծագործական ի՞նչ գործունեություն եք ծավալել: Հետաքրքիր նախագծերի մասնակցե՞լ եք:

- Ճիշտ եք, ԱՄՆ-ում եմ, սակայն այդ ընթացքում մշտապես շարունակել եմ հեռավար տարբերակով իրականացնել իմ գործունեությունը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում: Ցավոք, համավարակի, այնուհետև պատերազմի հետևանքով մենք բազմաթիվ ծրագրեր չեղարկեցինք: Այդ ընթացքում առավել մեծ ուշադրություն կենտրոնացրինք առցանց գործունեությանը, իսկ պատերազմի ժամանակահատվածում ամեն ինչ արվեց առաջնագծի համար: Ամբողջ աշխարհում համավարակի տարածման ընթացքում չեն եղել մշակութային հնչեղություն ունեցող նախագծեր, քանի որ թատրոններն ու համերգասրահներն ուղղակի չէին գործում: Հուսանք՝ հնարավոր կլինի վերսկսել մեր լիարժեք գործունեությունը: Այդ ուղղությամբ արդեն շատ ծրագրեր ենք իրականացնում:

 - Ձեր շնորհիվ մեր թատրոնի արտիստները հնարավորություն ունեցան հյուրախաղերով հանդես գալ արտերկրում: Նման համագործակցությունների կապեր հաստատվե՞լ են:

- Ես միշտ էլ բոլոր հնարավոր առիթների դեպքում փորձում եմ մեր արտիստներին մասնակից դարձնել տարբեր հյուրախաղերի, որպեսզի նրանք երկրից դուրս ներկայանալու հնարավորություն ունենան: Վերջերս նման առիթ ունեցանք, և նրանցից մի քանիսը մասնակից դարձան մեծ կարևորություն ունեցող «Սանկտ Պետերբուրգյան պալատներ» երաժշտական փառատոնին: Հուսանք, որ մոտ ապագայում հյուրախաղերի համար դարձյալ կստեղծվեն նպաստավոր պայմաններ: Հյուրախաղերն ու արտասահմանյան բեմերում ելույթներն անչափ կարևոր են  արտիստի համար:

 

- Վերջերս թատրոնի խաղացանկը համալրվեց «Պայացներ» օպերային ներկայացմամբ, որը դրական արձագանք գտավ երաժշտասերների շրջանում: Թատրոնի հետ կապված ի՞նչ նախաձեռնություններ կան:

 - Այո՛, «Պայացներ» օպերայի պրեմիերան իսկապես մեծ հաջողություն ունեցավ: Կարծում եմ՝ առաջիկայում կկարողանանք նոր պրեմիերաներով հանդես գալ: Մենք դեռևս 2020 թվականից կիսատ մնացած ներկայացումներ ունենք, որոնք ավարտին հասցնելը մեր առաջնահերթությունների շարքում է: Իսկապես, մեկը մյուսից հետաքրքիր ծրագրեր կան, պարզապես պետք է հուսալ, որ դրանց իրականացման համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն:

- Պարոն Օրբելյան, օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ մտադիր են վերականգնել «Սպարտակ» բալետային ներկայացումը: Գաղափարն իրագործելի՞ է:  Կա՞ն այլ ներկայացումներ, որոնք ևս թարմացնելու կարիք ունեն:

 - Միանգամայն իրատեսական է: Շատ շուտով մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու վերականգնված «Սպարտակ» բալետային ներկայացումը: Խաղացանկում կան վերականգնման, թարմացման անհրաժեշտություն ունեցող այլ ներկայացումներ ևս: Կան բեմադրություններ, որոնք այդ նույն մատուցմամբ մատուցելն այլևս շահեկան չէ: Պետք է թարմացնել, նորացնել, նոր բեմադրություններով հանդես գալ: Սա կարևորագույն խնդիր է, և այն մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Այդ ձևով մենք 2018 թվականին նորովի բեմադրեցինք Բիզեի «Կարմեն» օպերան, որը հյուրախաղերով ներկայացրինք Դուբայում, իսկ հետո նաև մեզ մոտ: Այս շաբաթ «Կարմենը» կներկայացվի հերթական անգամ մեր բեմում: Սիրով հրավիրում ենք մեր հանդիսատեսին վայելելու այս շքեղագույն ստեղծագործությունը:

 

- Ձեր արվեստի երկրպագուներն ուրախությամբ ընդունեցին ձեր՝ Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր նշանակվելու մասին լուրը, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ինչպե՞ս եք համատեղելու նոր պաշտոնն ու Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի զգային ակադեմիական թատրոնում ստանձնած պարտականությունները:

 -Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Մոտ ժամանակներս կհստակեցվեն իմ հայաստանյան հետագա գործունեությանն առնչվող մանրամասները: Մի բան հստակ է. ես մշտապես կշարունակեմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, նպաստել մեր թատրոնի զարգացմանը: Այստեղ ես շատ ընկերներ, մտերիմներ ունեմ, որոնց պետք է օգնենք իրենց հետագա աշխատանքում: Վստահեցնում եմ, որ մեր թատրոնում աշխատում են տաղանդաշատ մարդիկ, արվեստի իսկական նվիրյալներ: Նրանց պետք է օգնել, աջակցել հետագա գործունեության ընթացքում:

 - Եթե չեմ սխալվում, օգոստոսին ավարտվում է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում ձեր աշխատանքային պայմանագրի ժամկետը: Մրցույթին մասնակցելո՞ւ եք:

 - Կարճ ժամանակ անց ամեն ինչ պարզ կլինի: Նորից եմ ուզում ասել, որ ես պատրաստ եմ իմ գործունեությամբ աջակցել մեր թատրոնի զարգացմանը:

 - Հայաստանի հանդիսատեսը ձեզ տեսնելու հնարավորություն ե՞րբ

կունենա:

- Իմ վերադարձը նախատեսված է հունիսի վերջին: Հուսանք՝ ոչ մի խանգարող հանգամանք չի լինի:

Հարցազրույցը վարեց

Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]